Ինչ գործով է ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը․ Հակակոռուպցիոն կոմիտեի մանրամասները

Ինչ գործով է ձերբակալվել Ռոբերտ Քոչարյանը․ Հակակոռուպցիոն կոմիտեի մանրամասները (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձը, իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
⤵️Նախաքննությամբ ստացված տվյալների համաձայն՝ գույքերի իրական պատկանելությունն ու հանցավոր ծագումը քողարկելու նպատակով դրանք ձևակերպվել են փոխկապակցված ընկերությունների անվամբ, իսկ հետագայում ձեռք բերված գույքերը տնօրինվել են՝ դրանք կառուցապատելու և վաճառելու, երրորդ անձանց օտարելու, ինչպես նաև սեփականատեր ընկերությունների բաժնեմասերը փոխանցելու միջոցով, այդ թվում՝ նվիրատվությամբ։
Այսպես․
📌Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցներին հարող 8,3 հա հողամասը ձեռք է բերվել 44,657,000 ՀՀ դրամով, որտեղ 2002 թվականին կառուցվել է «Փլեյ Սիթի» ժամանցային կենտրոնը, իսկ երկու տարի անց՝ 2004 թվականի նոյեմբերի 15-ին, գույքի սեփականատեր «Ֆաստ քարթ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ փոխանցվել և գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
📌«Կասկադ» համալիրի ձախակողմյան հատվածում գտնվող 2 հա հողամասը ձեռք է բերվել 39,630,000 ՀՀ դրամով։ Այն հետագայում փոխանակվել է Երևանի առավել բարենպաստ հատվածում գտնվող՝ պետությանը պատկանող նույն մակերեսով այլ հողամասի հետ, որն այնուհետև օտարվել է 1 մլրդ 741,931,000 դրամով։
📌«Եռասպասարկում» ՊՓԲ ընկերության հաշվեկշռում գտնվող Պարոնյան 8 հասցեի շենքը ևս ձեռք է բերվել 40 մլն ՀՀ դրամով, որտեղ հետագայում կառուցված բազմաբնակարան շենքի 331,800,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, 600 քմ ընդհանուր մակերեսով հասարակական տարածքներն ու երկու ավտոկայանատեղիները ձևական առուվաճառքի գործարքներով գրանցվել են նախկին նախագահի որդու անվամբ։
📌Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը ձեռք է բերվել 83,669,000 ՀՀ դրամով, իսկ համալիրի սեփականատեր «Արթ Բիլդ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2010 թվականի հունվարի 15-ին ձևական առուվաճառքի գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու անվամբ։
📌«Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող Ծիծեռնակաբերդի խճուղի 7/1 հասցեի 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը ձեռք են բերվել 12,267,000 ՀՀ դրամով։ Տարածքում 2008 թվականին կառուցվել է «Օրանժ Ֆիտնես» պրեմիում ակումբը, իսկ գույքի սեփականատեր ընկերության 50 տոկոս բաժնեմասը 2009 թվականին ձևական գործարքով գրանցվել է նախկին նախագահի որդու հիմնադրած ընկերության անվամբ։

Leave a comment