Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում Հայ առաքելական եկեղեցում, իր գնահատմամբ՝ «խոր, համակարգային ճգնաժամի» վերաբերյալ։
Իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս Փաշինյանն ասել է, որ իր տեսած մի շարք հոգևորականներ, որոնք, ըստ նրա, ուղիղ հրահանգի են ենթարկվում, և պատարագի ընթացքում խորաններից Աստծուն կոչ են ուղղում՝ պահպանելու Արցախի Հանրապետությունը։ Վարչապետը դա գնահատել է որպես Եկեղեցին պատերազմի քարոզչության ինստիտուտ դարձնելու դրսևորում և երևույթը հետաքրքիր է համարել։
«Այս կոչերը հնչեցնում են, հետո ասում են՝ «Եւ եւս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք», այսինքն՝ պատերազմի կոչ անելով՝ Աստծուն պետք է չէ աղաչել խաղաղության համար, պետք է խաղաղությանը տեր կանգնել, ջանք գործադրել խաղաղությունը պահպանելու համար:
Սա մեկն է այն պատճառներից, թե ինչու պետք է ՀԱԵ փաստացի պետը հանգստի կոչվի, բայց միակ պատճառը չէ: Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին, որտեղ շարադրվում են տասնյակ փաստեր, որ Կտրիճ Ներսիսյանը…»,- ասել է Փաշինյանը, և ելույթն ընդհատվել է, քանի որ Գարեգին Բ-ին ավազանի անունով դիմելուց հետո ԱԺ դահլիճում ընդդիմադիրները սկսել են հարվածել սեղաններին՝ ի նշան բողոքի, իսկ իշխող խմբակցության պատգամավորները ծափահարել են՝ ի պատասխան այդ բողոքի:
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքել է. «Ինչ հետաքրքիր է, թե ինչքան վատ պետք է անես քո գործը, որ զբաղեցնես մի գահ, որ կոչվում է «Ամենայն Հայոց…», բայց երբ քո անունը հնչի, պառակտում մտնի ամեն տեղ: Ավելի լավ գնահատական քո վատ աշխատանքին հնարավոր չէ տալ»:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը շարունակել է ընդհատված ելույթը և Գարեգին Բ-ին կրկին դիմել ավազանի անունով, հայտնում է Լուրերը։ Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները դարձյալ հարվածել են սեղաններին, իսկ իշխող խմբակցության ներկայացուցիչներն արձագանքել են ծափահարություններով։ Վարչապետն իր խոսքն ավարտել է հետևյալ կերպ. «…Որ Կտրիճ Ներսիսյանը ՀԱԵ-ն դուրս է դրել կանոնական ծիրից՝ սրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ եթե նկատել եք՝ ՀԱԵ բարենորոգման օրակարգը նույնպես տեղ ունի Կառավարության ծրագրում»:
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ «անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ»։