Կրեմլից ասում են՝ Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցում (PAN.am)

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպությանն անդամակցելու անհրաժեշտություն չի տեսնում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը Հայաստանին հեռացներ կազմակերպությունից։

«Դժվարանում եմ ընկալել, թե ինչ է նշանակում՝ գոհ կլիներ, եթե իրեն հեռացնեին։ Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի անդամակցելու տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այդ կազմակերպությունից»,- ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն իր հերթին հայտնել էր, որ ՀԱՊԿ մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ որոշում ընդունելու համար անհրաժեշտ է լինելու կոնսենսուս։ Նա նաև տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը կայանալու է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, և անդամ պետությունների ղեկավարները, հավանաբար, քննարկելու են այդ հարցը։

Հայաստանը ՀԱՊԿ-ին իր մասնակցությունը սառեցրել է 2024 թվականին։

Leave a comment