Քաղաքականություն
24.08.2026 | 10:59
Հայաստանի երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը պետք է վերանայվի, որպեսզի չխոչընդոտի երկրի միջազգային տարանցիկ ինտեգրմանը։ Այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով TRIPP ծրագրի մանրամասներն ու Ռուսաստանի հետ երկաթուղային կառավարման շուրջ ստեղծված իրավիճակը։
Վարչապետի խոսքով՝ միջազգային ներդրողներն ու բեռնափոխադրողները խուսափում են օգտվել Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածից, քանի որ այն գտնվում է Ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, իսկ ՌԴ-ի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցները նրանց համար ռիսկային են դարձնում համագործակցությունը։
«Այս է պատճառը, որ Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի։ Կրկնում եմ՝ Հայաստանի և Ռուսաստանի համար ընդունելի երրորդ երկրի»,- ասաց Փաշինյանը։
Նա մեջբերեց Կառավարության ծրագրում տեղ գտած դրույթը․
«Երկաթուղու հավատարմագրված կառավարման համակարգը վերանայվելու է այնպես, որ չխոչընդոտի Հայաստանի Հանրապետության միջազգային տրանսպորտային համակարգի ինտեգրման այն պատմական հնարավորության իրականացմանը, որը ստեղծվել է։ Շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ և Ռուսաստանի մեր գործընկերներին կրկին խնդրում եմ հնարավորինս արագ հասնել այս խնդրի բարեկամական լուծմանը»։
Փաշինյանը նաև մանրամասներ հայտնեց TRIPP ռազմավարական նախագծի մասին՝ նշելով, որ այն ներառում է ոչ միայն երկաթուղի, այլև ճանապարհներ, խողովակաշարեր, մալուխներ և էլեկտրահաղորդման գծեր։
«Ավարտական փուլում են «ԹՐԻՓ Դիվիլոփմենթ Քամփնի» ընկերության հիմնադրման աշխատանքները։ Հայաստանն այդ ընկերությունում ունենալու է 26 տոկոս, իսկ ԱՄՆ-ը՝ 74 տոկոս բաժնեմաս։ Այս բանաձևը գործելու է առնվազն 49 տարի, իսկ երկարաձգվելու դեպքում՝ ևս 50 տարի, որի դեպքում ՀՀ մասնաբաժինը կդառնա 49 տոկոս, իսկ ԱՄՆ մասնաբաժինը՝ 51 տոկոս՝ առանց Հայաստանի կողմից հավելյալ ֆինանսական ներդրման», – ընդգծեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան