Դավիթ Դավթյանը (70 կգ) նվաճել է Հայաստանի թիմի միակ մեդալը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Հայ ըմբիշը բրոնզե մեդալը վիճարկել է Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Ահմեդի հետ ու հաղթել 7:6 հաշվով:
Դավիթ Դավթյանը երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր ադրբեջանցի մրցակցի, որը նվաճել էր եզրափակիչի ուղեգիր` հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն։ Սփոփիչ գոտեմարտում Դավթյանը 5:4 հաշվով հաղթել էր հնդիկ Լուքսման Բհարակսարին:
Հենրիկ Հայկյանը (125 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 3:9 հաշվով պարտվել է ռուս Սոսլան Գաբուևին:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ին մեկնել էր 8 ըմբիշով:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Դավիթ Եղիազարյան