«Մենք բոլոր տեղերում, մեր բոլոր գործընկերների հետ կիսում ենք հետևյալ միտքը, որ Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։ Որևէ մեկը մեզ չի կարողանալու (եթե նույնիսկ փորձի, մինչև հիմա փորձեր չեն եղել) ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ: Մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որոնք ունենք»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում:
«Հարաբերությունների անձնական մակարդակը նույնպես պակաս կարևոր չէ. ես շատ ուղիղ և ջերմ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ՌԴ կառավարության ղեկավար Մխայիլ Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է, մենք երբեք չենք գործելու ՌԴ-ի դեմ»։
Փաշինյանը հայտարարեց նաև, թե այս ամենով հանդերձ՝ իրենք գործելու ենք ՀՀ շահերին համապատասխան, և այստեղ է, որ Ռուսաստանի հետ «խնդիրներ ու հատումներ կարող են առաջանալ»։