Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մոտ 40 մարդ է վիրավորվել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Տոկիոյի շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժել է գրեթե 40 մարդ։ Հրդեհային ծառայության տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի գիշերը, և մարդկանց մեծ մասը կապտուկներ ու տարբեր վնասվածքներ է ստացել տներում։ Երկու մարդ ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Տոկիոյի շրջաններից մեկում ջրատար խողովակները պայթել են, ինչի հետևանքով ջուրը լցվել է երթևեկելի հատված։ Տոկիոյի կենտրոնում ավելի քան 460 տուն մնացել է առանց էլեկտրականության, իսկ քաղաքում բազմաթիվ վերելակներ ավտոմատ անջատվել են։ Ատոմային օբյեկտներում արտակարգ իրավիճակներ չեն արձանագրվել։ Երկաթուղային երթևեկությունը որոշ ժամանակով դադարեցվել էր, սակայն այժմ գնացքներն աշխատում են ըստ ժամանակացույցի։
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյին հարակից Իբարակի պրեֆեկտուրայում՝ 68 կմ խորության վրա։
Մեծ Տոկիոյի շրջանն ընդգրկում է Ճապոնիայի մայրաքաղաքը և դրան հարակից երեք պրեֆեկտուրաներ։ Տարածաշրջանի բնակչությունը շուրջ 37 միլիոն է։