Ozon-ի վրա առաջին հարձակումն է տեղի ունեցել․ Զելենսկին մեկնաբանել է

Քաղաքականություն

22.08.2026 | 18:55

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Ռուսաստանում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի և Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանի վրա հարձակումների մասին։

«Մեր ստորաբաժանումները հարվածել են Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանին՝ ռազմաճակատի գծից 1000 կիլոմետր հեռավորության վրա։ Դա արտահանումից ստացվող միլիոնավոր դոլարներ են ռազմական մեքենայի համար։ Հարված է հասցվել նաև Սամարայի շրջանում գտնվող լոգիստիկ հանգույցին»,- BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ հայտարարել է Զելենսկին։

Ավելի վաղ Նովոկույբիշևի նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին հայտնել էր Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։ Սամարայի շրջանի նահանգապետը հայտնել էր «արդյունաբերական ձեռնարկություններից մեկում վնասների» և Ozon-ի լոգիստիկ համալիրում տեղի ունեցած հարվածի մասին։

Ozon-ը Ռուսաստանի երկրորդ խոշորագույն առցանց առևտրի հարթակն է։ Ընկերությունը հայտնել է, որ Չապաևսկ քաղաքում իր լոգիստիկ կենտրոնի վրա հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, կան մի քանի տուժածներ։

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հեռահար հարվածները շարունակում են սահմանափակել Ռուսաստանի ռազմատնտեսական ներուժը և պատերազմը ավելի զգալի դարձնել Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առավոտյան հայտնել էր, որ գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 457 անօդաչու թռչող սարք։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ից ուկրաինական անօդաչու սարքերը պարբերաբար հարվածներ են հասցնում Ռուսաստանում Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին։ Տարբեր շրջաններում հրդեհվել կամ վնասվել են ընկերության շուրջ 20 պահեստներ։

Leave a comment