ՔԿ երկու քննիչի ծեծի ենթարկելու գործով 3 անձ է ձերբակալվել
Օգոստոսի 21-ին Երևանում ոստիկանության ծառայողի և նրա հետ ընկերական ու ազգակցական կապեր ունեցող շուրջ 20 և ավելի անձանց կողմից Քննչական կոմիտեի երկու քննիչների՝ նույն քննչական բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու և խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Վարույթի շրջանակում ձերբակալվել են ոստիկանության ծառայողը և նրա երկու ազգականները։ Ըստ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանի՝ ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։
Ձերբակալվելուց հետո ոստիկանը, ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի միջոցով, հայտնել է իրեն ենթադրաբար խոշտանգելու մասին։ Դրանից հետո նրա նկատմամբ իրականացվել է բժշկական զննություն ինչպես վարչական շենքում, այնպես էլ համապատասխան բուժհաստատություններում, որոնց արդյունքներով, ըստ ՔԿ-ի, ենթադրյալ բռնության դեպքը չի հաստատվել։
Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի ապացուցողական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և բոլոր մեղավոր անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։