Այսօրվա Ազգային ժողովը մեր երեկվա դասարանի արտացոլանքն է․ Ս․Խաչատրյան (տեսանյութ)
«Մեր հանրակրթությունն աշխարհում դիրքավորվում է միջակ, երբեմն՝ միջակից ցածր մակարդակներում։ Բարձրագույն կրթությունն ավելի թույլ վիճակում է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով մեր երկրի կրթական խնդիրներին։
Սերոբ Խաչատրյանը կապ է տեսնում կրթության ցածր մակարդակի և այսօրվա քաղաքական քննարկումների որակի միջև։ Եվ գտնում է, որ այն, ինչ երեկ ունեցել ենք մեր հանրակրթական դպրոցների դասարաններում, այսօր տեսնում ենք Ազգային ժողովում։ Ասում է, մենք վաղուց ենք տեսնում, որ մեր դասարաններում կարգապահության մակարդակը կտրուկ իջել է, և դա այսօր խորհրդարանի նիստերին ենք տեսնում։ Հիմա դասարաններում կարգապահությունն ավելի է իջել, և հնարավոր է, առաջիկա խորհրդարաններում ավելի սուր դրսևորումներ տեսնենք։
«Տեսնում են, որ մտքի ուժով չեն կարող միմյանց հաղթել, ավելի շատ հուզական արտահայտություններ և մանիպուլիացիոն տեխնիկաներ են օգտագործում»,- ասաց նա։
Փորձագետը նաև հավելում է, որ ընտանիքից ու դպրոցից զատ այսօր մեր երեխաների դաստիարակության հարցում երկու այլ խաղացողներ էլ կան, որոնցից մեկը նոր է, մյուսը՝ նախկինում էլ կար։ Դրանցից մեկը փողոցը և ընկերական շրջապատն են, մյուսը՝ համացանցի ազդեցությունը։ Դրանք համարում է երբեմն անհաղթահարելի գործոններ։
Իսկ մեր հանրակրթության հիմնական խնդիրը համարում է խոսքի և գործի միջև առկա մեծ տարբերությունը։
«Հայաստանում կրթության վիճակը լավ կլինի այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաները գնան սովորական դպրոցներ, և Երևանում խցանումները վերանան»,- եզրափակեց Սերոբ Պողոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։