Նիկոլ Փաշինյանը մեր հայրենիքի և ոչ մի հատված միանգամից չի հանձնում, նա մշակել է հայրենահանձնման յուրօրինակ ռիտուալ։ Նախքան այդ, նա հող է նախապատրասում, մի մասը փորձում արժեզրկել, սարքել մի անպիտան բեռ, մյուս մասը մինչ հանձնելը հռչակում ադրբեջանական։ Թերևս դա է նրա «հաջողության» հիմնական գրավականը, որ ամեն ինչ կազմակերպում է այնպես, որ «հա՛մ գայլերն են կուշտ մնում, հա՛մ ոչխարները՝ ապահով»։
Օրինակ՝ Սև լճի հետ կապված նա փորձում էր ձևավորել տպավորություն, որ աշխարհում չկա մի ազգ կամ պետություն, որը կպատերազմի «ինչ-որ» լճի ինչ-որ մի «30 տոկոսի» համար, կամ Իշխանասարը ներկայացնում էր մի դատարկ ու ամայի սար, որը ոչ թե մեր հայրենիքն է, այլ անիմաստ բեռ մեր ուսերին։
Մի փոքր այլ էր Գորիս-Կապան ճանապարհի դեպքում, որն իրականում կարելի է դասել զավեշտների շարքին։ Փաշինյանական իշխանությունը հանձնեց այդ ճանապարհը ու տարիներ անց այդ հերթական զիջումը ներկայացրեց որպես Հայաստանի քաղաքական օրակարգ, իբր Ադրբեջանը որևէ նկրտություն չուներ այդ ճանապարհի նկատմամբ ու Հայաստանն ինքը հանձնեց այն, հիմքում ունենալով սեփական պետական շահը։
Իսկ Կիրանցի պարագայում նա վստահ հայտարարում էր, որ Հայաստանի տարածքներից ոչ մի թիզ չի հանձնվելու Ադրբեջանին։ Ու նա «ճիշտ» դուրս եկավ, քանի որ նախքան դրանց հանձնումը, այդ տարածքները հռչակեց ադրբեջանական։ Իհարկե այդ հանձնման դիմաց մենք ունեցանք նաև «ձեռբերումներ»։ Հանձնեցինք Կիրանցի տարածքները, ձեռք բերեցինք մի պատ։
Նույնն էլ տեղի է ունենում Տիգրանաշենի պարագայում։ Նիկոլ Փաշինյանի բերանից Տիգրանաշեն անվանումը դուրս չի գալիս, փոխարենն ասում է Քյարքի, այլ խոսքով, Փաշինյանը այն արդեն հռչակել է ադրբեջանական ու կրկին ստացվում է, որ Հայաստանի տարածքներից ոչինչ չի հանձնում, այլ Ադրբեջանին է տալիս ադրբեջանականը։
Որպես հիմնավորում բերվում է Ալմա Աթիի հռչակագիրը, ինչպես արվեց Արցախը հանձնելու դեպքում, ինչը մեծագույն կեղծիք է։
Ալմա Աթիի հռչակագիրն ընդամենը հայտարարություն էր, որի նպատակը ԱՊՀ ստեղծումն էր։ Ստորագրած երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելն ամենևին չէր ենթադրում Արցախը, Կիրանցը, Տիգրանաշենը…Ադրբեջանի կազմում։
Ալմա Աթիի հռչակագիրը սկսել է գործել 1991 թվականի դեկտեմբերից, բայց մինչ այդ թե՛ Հայաստանի Հանրապետությունն ու թե՛ Արցախի Հանրապետությունն արդեն հռչակել էին իրենց անկախությունը։ Ընդ որում անկախության հռչակման գործընթացը տեղի էր ունեցել ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն։ Այսինքն Ալմա Աթիի հռչակագրին միացել էր ոչ թե Խորհրդային Հայաստանը, այլ Հայաստանի Հանրապետությունը։
Բացի այդ, եթե Ալմա Աթիի հռչակագիրն իրականում ունենար որևէ քաղաքական հետևանք ու ազդեցություն, ապա անհեթեթ է կարծելը, որ Ադրբեջանն այդ մասին շուրջ 30 տարի կլռեր ու կհիշեր միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց ու վերջինիս ստորացուցիչ ձևով պարտության մատնելուց հետո։
Կարեն Կարապետյան