ՀՀ կառավարության 2026-2031 թթ. ծրագիրն արդեն հրապարակվել է։ Factor TV-ն ուսումնասիրել է կառավարության 2021-2026 թթ. և 2026-2031 թթ. ծրագրերի առաջին բաժինները, որոնք վերաբերում են արտաքին քաղաքականությանն ու անվտանգությանը։ Համեմատական վերլուծությամբ ցույց ենք տալիս՝ ինչն է պահպանվել երկու ծրագրերում, ինչն է փոխվել և ինչ նոր շեշտադրումներ են հայտնվել։
Կառուցվածքային տարբերություններ
2021-2026 թթ. կառավարության ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժինը բաղկացած էր չորս ենթաբաժնից՝ «Արտաքին քաղաքականություն», «Ղարաբաղյան հիմնախնդիր», «Պաշտպանության ոլորտ․ Զինված ուժերի բարեփոխումներ», «Սփյուռքի հետ կապեր»։
2026-2031 թթ. ծրագրում բաժնի կառուցվածքն ավելի համառոտ է․ այն վերնագրված է «Արտաքին քաղաքականություն և անվտանգություն» և բաղկացած է երկու հիմնական գլխից՝ «Արտաքին քաղաքականություն» և «Անվտանգություն»։ Սփյուռքի հետ կապերի թեման այս բաժնից տեղափոխվել է «Մարդկային կապիտալ և բարեկեցություն» բաժին։
Բովանդակային նմանություններ
Երկու ծրագրերում էլ առաջնահերթություն է համարվում Հայաստանի պետականության, ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության պաշտպանությունը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը։
Երկու ծրագրերն էլ նախատեսում են Զինված ուժերի արդիականացում, արհեստավարժ բանակի անցման շարունակականություն, զինվորական ծառայության գրավչության և սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ բնակարանային ապահովության, բարձրացում։ Ընդգծվում է, որ բանակը զարգացվում է բացառապես պաշտպանության, ոչ թե ագրեսիայի նպատակով։
Նույնն է նաև սահմանների պահպանության վերաբերյալ մոտեցումը․ երկու ծրագրերում նախատեսվում է բանակի ստորաբաժանումները փուլ առ փուլ փոխարինել սահմանապահ զորքերով, որոնք պետք է ստանձնեն պետական սահմանի պահպանությունը։
Արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում երկու ծրագրերում էլ նշվում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Եվրամիությունը, Իրանը, Վրաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, բայց կան էական տարբերություններ, որոնց կանդրադառնանք ստորև։
Ղարաբաղյան հիմնախնդիր
2021-2026 թթ. ծրագրում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը արտաքին և անվտանգային քաղաքականության առանցքային ուղղություններից էր։ Փաստաթղթում խոսվում էր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման, ԼՂ կարգավիճակի հստակեցման՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա, և ՀՀ-ի՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու մասին։
2026-2031 թթ. ծրագրում Արցախին կամ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող առանձին բաժին կամ դրույթ չկա։ Կառավարության նոր ծրագրում Արցախի հետ կապված ընդամենը մեկ հիշատակում կա․ «Աշխատանքի և սոցիալական պաշտպանության» բաժնում նշվում է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագրի շարունակության մասին։ Միաժամանակ շեշտադրվում է Հայաստանի անվտանգության ապահովումը 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքում և «Իրական Հայաստանի» գաղափարախոսության կենսագործումը։
ՌԴ և ՀԱՊԿ․ շեշտադրումների փոփոխություն
2021-2026 թթ. ծրագրում հայ-ռուսական ռազմավարական դաշինքը ներկայացվում էր որպես ՀՀ անվտանգության ապահովման առաջնային գործոններից մեկը։
Ըստ ծրագրի՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման մասին, ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագրերի հիման վրա շարունակում են հագեցնել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները։
Ծրագրում անգամ նախատեսվում էր Գորիսում և Սիսիանում ռազմաբազայի հենակետերի հիմնում ու ռուս սահմանապահների ներգրավվածության ընդլայնում հայ-ադրբեջանական սահմաններին։ Կարևորվում էր նաև ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին։
Նշվում էր, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին ու աշխատել պայմանագրային և փաստաթղթային բազայի, հավաքական անվտանգության մեխանիզմների կատարելագործման ու կիրառման ուղղությամբ, որը լավագույնս կարտացոլի և կսպասարկի անդամ պետությունների շահերը և համատեղ նպատակները: Այնինչ՝ ՀՀ-ն սառեցրել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին իր մասնակցությունը։
2026-2031թթ. ծրագրում Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի, ռուս սահմանապահների կամ ՀԱՊԿ-ի մասին հիշատակումներ չկան։ Փոխարենը նախատեսվում է փուլ առ փուլ ընդլայնել ՀՀ սահմանապահների կողմից պետական սահմանի պահպանության գոտիները՝ հեռանկարում ամբողջ սահմանը սեփական ուժերով պահպանելու նպատակով։
Հայ-ռուսական հարաբերություններն այլևս չեն ներկայացվում որպես անվտանգության ապահովման առաջնային գործոն․ խոսվում է «Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխման և խորացման» մասին։
Արևմտյան ուղղություն․ ԱՄՆ և ԵՄ
2021-2026 թթ. ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով շեշտվում էր բարեկամական գործընկերության զարգացումը, իսկ ԵՄ-ի ուղղությամբ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կիրարկումն ու Արևելյան գործընկերության 2.6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթի իրացումը։
2026-2031 թթ. ծրագրում երկու ուղղություններն էլ ներկայացվում են որպես «ռազմավարական գործընկերության խորացում»։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով նշվում են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունն ու TRIPP նախագծի իրականացումը։
Ըստ նոր ծրագրի՝ շարունակվելու են նաև ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության ոլորտային զարգացումը և ինտեգրումը՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք և արդյունավետ կիրարկման, ինչպես նաև Եվրոպական միության ժողովրդավարության և օրենքի գերակայության, տնտեսական, ֆինանսական, շրջակա միջավայրի, սոցիալական և այլ ոլորտների չափանիշներին Հայաստանի համապատասխանեցման ուղղությամբ՝ 2025 թվականի «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի հիման վրա:
Նշվում է, որ ավարտին է հասցվելու վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման նպատակով:
Ադրբեջան և Թուրքիա․ տարածաշրջանային անվտանգություն
2021-2026 թթ. ծրագրում տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը դիտարկվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների համատեքստում։ Թուրքիայի հետ հարաբերությունների մասով Հայաստանը պատրաստակամություն էր հայտնում դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների։
2026-2031 թթ. ծրագրում ապաշրջափակման և տարածաշրջանային անվտանգության հիմնական գործիքը «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրն է։ Ադրբեջանի հետ հարաբերություններում շեշտը դրվում է ձեռք բերված խաղաղության ամրապնդման և ինստիտուցիոնալացման վրա՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և սահմանազատման միջոցով։ Թուրքիայի հետ նախատեսվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում և առնվազն երկու արդիական անցակետի գործարկում։
2026-2031 թթ. ծրագրում հայտնվել են նաև նոր ուղղություններ։ Մասնավորապես, նշվում է, որ Հայաստանը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած «Խաղաղության խորհրդի» անդամ և նախատեսվում է աշխատանք տանել Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու ուղղությամբ։
Իրանի հետ առաջնահերթություններն են ռազմավարական հարաբերությունների խորացումը, առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև հաղորդակցային ուղղությունների զարգացումը՝ այդ թվում Հյուսիս-հարավ և Պարսից ծոց-Սև ծով նախագծերի շրջանակում։
Վրաստանի հետ շեշտը դրվում է ռազմավարական գործընկերության խորացման և քաղաքական, տնտեսական, էներգետիկ ու տրանսպորտային համագործակցության ընդլայնման վրա։
Անվտանգություն հասկացության ընդլայնում
2026-2031 թթ. ծրագրում անվտանգության ընկալումն ավելի լայն է դարձել․ բացի ռազմական անվտանգությունից, ներառվել են նաև կիբեռ, տեղեկատվական, միգրացիոն, տեխնոլոգիական և պարենային անվտանգության ուղղություններ, որոնք 2021-2026 թթ. ծրագրի առաջին բաժնում առանձին ընդգրկված չէին։
Նոր ծրագրով նախատեսվում է Կիբերպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորում, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների, ապատեղեկատվության, արհեստական բանականությամբ ստեղծված կեղծիքների և դիփֆեյքերի դեմ պայքարի ուժեղացում։ Միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսվում է ԵՄ չափանիշներին համապատասխան կենսաչափական նոր համակարգերի ներդրում։
Անվտանգության նոր բաղադրիչների շարքում է նաև հանցավորության դեմ պայքարի թվայնացումը՝ «Խելացի քաղաք» մոդելի և արհեստական բանականությամբ աշխատող «ոստիկանի» ներդրմամբ, ինչպես նաև պարենային անվտանգության նոր մոտեցումը՝ նյութական պահուստի նոր մոդելի և մսի ու կաթի ինքնաբավության կոնկրետ թիրախների սահմանմամբ։
Անի Թամրազյան