Երեկ ԱԺ-ում պատգամավորների քվեարկությամբ կայացավ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը․ ըստ նախնական պայմանավորվածության՝ խորհրդարանում մեծամասնություն կազմող ուժը բոլոր ջանքերը գործադրեց, որպեսզի «Ուժեղ Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուները չընտրվեն։
Փոխարենը՝ իրենց առաջադրած թեկնածուների ընտրության համար խմբակցությունն ապահովեց անհրաժեշտ ձայների քանակը՝ որևէ առարկություն չունենալով նրանց մասնագիտական կարողությունների, հմտությունների, անցած ճանապարհի ու փորձառության առնչությամբ, թեև հատկապես Հայկ Ֆարմանյանը մասնագիտական բավականին հարուստ գիտելիքներ ու փորձառություն ունի իրեն վստահված Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ղեկավարելու համար։
Խորհրդարանական ընդդիմությունից միայն «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունն էր ՔՊ-ականների քիմքով, քանի որ նա ընտրվեց Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ MediaHub-ը փորձել է պարզել, թե մասնավորապես ՔՊ-ի առաջադրած թեկնածուները որքանո՞վ են համապատասխանում այն հանձնաժողովների գործառույթներին, որոնք նախագահելու են։
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրված Տրդատ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ 37-ամյա պատգամավորը մինչև ԱԺ-ում հայտնվելը՝ 2018–2019 թվականներին, զբաղեցրել է Վայոց ձորի մարզպետի պաշտոնը։ 2013 թվականին մագիստրոսի աստիճանով ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը։ 2016 թվականին զուգահեռաբար՝ երկրորդ մասնագիտությամբ սովորել է նույն բուհի իրավագիտության ֆակուլտետում՝ հեռակա կարգով։ ՔՊ-ին անդամագրվել է 2015-ից։
Տրդատ Սարգսյանի աշխատանքային գործունեությունն այնքան էլ հարուստ չէ։ Մինչև Վայոց ձորի մարզպետ նշանակվելը նա աշխատել է «Հանուն միջազգային կոնվենցիաների պաշտպանության» ՀԿ-ում՝ որպես փոխնախագահ։ 2018-ից արդեն զբաղեցրել է մարզպետի պաշտոնը։ Ի դեպ, 2019 թվականի մայիսին «GALLUP International Association»-ի հարցումների համաձայն՝ Տրդատ Սարգսյանը եղել է Հայաստանի բնակչության շրջանում ամենացածր գնահատական ստացած մարզպետը։ Վայոց ձորի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու կարճատև ժամանակահատվածում նրա անունը հայտնվել է աղմկահարույց պատմություններում՝ կասկածի տակ դնելով նրա անարատ վարկանիշը։ Փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը նրան մեղադրել է անգործության, չարաշահումների վրա աչք փակելու, վարչական ռեսուրս կիրառելու և կոռուպիցիոն գործելաոճով հայտնի համայնքապետերի հետ համագործակցելու մեջ։ Հետագայում, իհարկե, այդ մեղադրանքները չեն հաստատվել, սակայն պատմություններն ամրագրվել են հանրային գիտակցության մեջ։ ՔՊ-ի կազմում խորհրդարանում հայտնված պատգամավորի կենսագրությունը մարզպետության մեկ տարվա ընթացքում համալրվել է նաև քրեական պատմության դրվագով, թեև դրան ևս, ըստ իրականացված քննչական գործողությունների, մարզպետն ուղղակի առնչություն չի ունեցել։
Մասնավորապես՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի ենթարկված Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Արա Մխիթարյանի մահվան մեջ կասկածվում է Տրդատ Սարգսյանի օգնականը, որը, ենթադրաբար, այնքան էր ծեծել Արա Մխիթարյանին՝ գլխին հարվածներ հասցնելով, որ վերջինս 4 տարի կոմայում գտնվելուց հետո՝ 2023 թվականի հունիսի 27-ին, գիտակցության չգալով, մահացել էր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մարզպետի օգնականը ձերբակալվել է, այնուհետև կալանավորվել է նաև նրա եղբայրը, հետագայում երկուսի խափանման միջոցը փոխվել է գրավով։ Մարզպետն այս միջադեպի պատճառով, հանրային ճնշման ազդեցությամբ, հրաժարական է ներկայացրել, չնայած չի ընդունել իր մեղավորությունը, և նախաքննությունը ևս պարզել է, որ դեպքի պահին նա տանն է գտնվել։
2020–2021 թթ. Տրդատ Սարգսյանը ղեկավարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմը, իսկ 2021-ի ընտրությունների արդյունքում դարձել է ԱԺ պատգամավոր և իր այդ գործունեությունը շարունակում է մինչև օրս՝ այսուհետև նաև ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ Թե որքանով է համապատասխանում նրա ստացած կրթությունն ու մասնագիտական ուղին այդ հանձնաժողովի ղեկավարի պաշտոնին, դատեք ինքներդ։ Ամեն դեպքում՝ ոչ ավելին, քան, օրինակ, Դավիթ Ղազինյանի և Հայկ Ֆարմանյանի կրթությունը, գիտելիքներն ու աշխատանքային փորձառությունն են այն հանձնաժողովների նախագահների պաշտոններին, որոնց թեկնածուներ էին ընտրվել։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ի քվեարկությամբ ընտրվել է Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ, 43-ամյա գյումրեցի Նազելի Բաղդասարյանը։ Մասնագիտական կրթություն ստացել է Մոսկվայի ձեռներեցության միջազգային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետում՝ այն ավարտելով 2005 թվականին, իսկ 2008 թվականին մասնակցել է Ուկրաինայում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ռադիոցանցերի կառավարում» ռադիոմենեջերների վեցամսյա դասընթացին։ 2017 թվականին ստացել է Կիևի ժողովրդավարության և իրավունքի գերակայության ինստիտուտի մեդիաիրավագետի որակավորում։ Իր հետագա մասնագիտական առաջխաղացման տարիներին հիմնականում աշխատել է մեդիաոլորտում՝ «Ցայգ» հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, նաև եղել է «Իրականում» հեռուստահաղորդաշարի հեղինակ և վարող։ Այդ ընթացքում կարողացել է աշխատել նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի օգնական։ Դասավանդել է Մոսկվայի «Ժամանակակից հումանիտար ակադեմիայի» երևանյան մասնաճյուղում։ 2005-2018 թվականներին եղել է «Ռադիո Հայ Գյումրի» ռադիոկայանի ղեկավար։ 2014-2019 թվականներին եղել է «Սթայլ Մեդիա» մեդիաընկերության հիմնադիր-սեփականատեր։ 2017–2019 թվականներին եղել է «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։ 2018–2019 թվականներին եղել է Շիրակի մարզպետի խորհրդական։ Այնուհետև սկսվել է նաև նրա քաղաքական կարիերան։ 2019–2021 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր, նաև ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ։ 2021-2023 թվականներին զբաղեցրել է Շիրակի մարզպետի պաշտոնը, իսկ 2023 թվականից աշխատել է անմիջապես վարչապետի ենթակայությամբ՝ նախ որպես օգնական, այնուհետև՝ մամուլի քարտուղար։
ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն այսուհետ լինելու է 38-ամյա Սիսակ Գաբրիելյանը, որը նաև ԱԺ յոթերորդ և ութերորդ գումարումների ժամանակ է պատգամավորի մանդատ ստացել։ Նախորդ գումարման ժամանակ ևս Սիսակ Գաբրիելյանը նախագահել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։ Հուսանք, որ նախկին փորձառությունը նրան կօգնի ավելի արդյունավետ ղեկավարել հանձնաժողովը։ Մասնագիտությամբ նա որևէ առնչություն չունի ոչ կրթության, ոչ գիտության, մշակույթի, առավել ևս սպորտի կամ սփյուռքի հետ։ Առաջին մասնագիտությամբ լրագրող է, երկրորդով՝ իրավագետ. ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի, այնուհետև՝ իրավագիտության ֆակուլտետը, սակայն աշխատել է իր առաջին մասնագիտությամբ։ Որպես լրագրող աշխատել է Ա1+, «Ազատություն» լրատվամիջոցներում։ 2018 թվականից անցել է քաղաքական դաշտ՝ գործունեություն ծավալելով որպես ՔՊ պատգամավոր։
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի 46-ամյա նախագահ Լուսինե Բադալյանը ևս չի հոգնում պատգամավորական գործունեությունից և արդեն երեք գումարման ՔՊ պատգամավոր է աշխատում, թեև դեռ ուսանողական տարիներից (սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնում՝ ստանալով հայ արվեստի պատմության ու տեսության մագիստրոսի որակավորում) նպատակասլացորեն փորձել է ինքնադրսևորվել լրատվության, մեդիայի դաշտում՝ որպես լրագրող աշխատելով ռադիոյում, հեռուստաընկերություններում (այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերությունում, «Կենտրոնում», «Երկիր մեդիայում», «ԱՏՎ» հեռուստաընկերությունում) և առցանց լրատվականներում։ Հետաքրքիր է, որ իր կենսագրության մեջ Լուսինե Բադալյանը, չգիտես ինչու, խուսափել է մասնավորեցնել, թե որ հեռուստաընկերություններում է աշխատել՝ գուցեև ընդդիմադիր հեռուստաընկերությունների հետ իր երբեմնի առնչությունը քողարկելու մտադրությամբ։
Ովքեր հետևում են նրա կենսագրությանը, կհիշեն, որ դեռ 2018 թվականին Լուսինե Բադալյանը Երևանի «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ էր, որից անմիջապես հետո ընդգրկվեց նույն դաշինքի պատգամավորական նախընտրական ցուցակում ու ընտրություններից հետո մտավ խորհրդարան։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում Լուսինե Բադալյանը նոր չէ. յոթերորդ գումարման ժամանակ հանձնաժողովի անդամ է եղել, իսկ ութերորդի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Նա թերևս միակ պատգամավորն է, որի ստանձնած հանձնաժողովի նախագահի պաշտոնը աստիճանական ձեռքբերում կարելի է համարել։ Ի լրումն դրա՝ նշենք, որ, թերևս, այդ հանձնաժողովում աշխատելու ընթացքում հրապուրվելով ոլորտով կամ գուցե կանխորոշելով իր առաջխաղացումը և պատրաստվելով դրան՝ 2022 թվականին նա ավարտել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը։ Թեև այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ Լուսինե Բադալյանը նշել է, որ ոլորտային հանձնաժողովները նախագահելու համար մասնագիտական կրթությունը կամ մասնագիտական աշխատանքը պարտադիր պայման չեն, քանի որ նախագահն ընդամենը համակարգելու է հանձնաժողովի աշխատանքը։
Շարունակելի
Թագուհի Ասլանյան