Վայոց ձորի Մալիշկա գյուղում վերջին օրերին իրավիճակը կարծես թե հանդարտվել է։ Գյուղի բնակիչներին գիշերային ժամերին անհանգստացնող դիմակավորված անհայտ անձի մասին նոր ահազանգեր, ըստ Մալիշկայի վարչական ղեկավար Գարիկ Նազարյանի, վերջին մի քանի օրերին չեն եղել։
Նազարյանը MediaHub-ին ասաց, որ արդեն մի քանի օր է՝ գյուղում հանգիստ է, և գիշերային ժամերին նախկինում արձանագրված միջադեպերը չեն կրկնվել։
Մալիշկայի «ուրվականը», սակայն, առայժմ շարունակում է մնալ անհայտ։ Օգոստոսի կեսերից գյուղի բնակիչներն ահազանգում էին, որ գիշերային ժամերին դիմակավորված անձը քարեր է նետում բնակելի տների, պատուհանների ու դարպասների ուղղությամբ, իսկ իրեն հետապնդելու փորձերի ժամանակ արագ հեռանում և անհետանում է։
Օգոստոսի 18-ին ՆԳՆ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը հայտնել էր, որ դեպքը ոստիկանությանը հայտնի է, աշխատանքներ են իրականացվում, սակայն անձը դեռևս չի հայտնաբերվել։
Նրա խոսքով՝ հայտնաբերման ուղղությամբ ներգրավված են ոստիկանության բոլոր ստորաբաժանումները, իսկ հայտնաբերման դեպքում հանրությանը կտեղեկացնեն։
Այսպիսով, Մալիշկայում առայժմ լռություն է, սակայն «ուրվականի» ինքնությունը բացահայտված չէ։ Արդյոք դիմակավորված անհայտ անձը պարզապես դադարել է գյուղ այցելել, թե՞ ոստիկանությանը կհաջողվի վերջապես պարզել նրա ինքնությունը, դեռ հայտնի չէ։ Մալիշկայի «ուրվականը» անհետացե՞լ է, թե՞ պարզապես դադարել է հայտնվել գիշերները։
Հունան Թադևոսյան