ՊՆ-ն հերքում է, թե Ճամբարակի դեպքի ժամանակ զինվորները հակագազերով են վազել

Հասարակություն

20.08.2026 | 17:43

Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով Ճամբարակում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տարածվող տեղեկություններին, հայտնել է, որ զինվորների՝ հակագազերով վազելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ։

«Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ:

ՀՀ քննչական կոմիտեի գործընկերների հետ համատեղ քննարկման արդյունքում հարկ ենք համարում արձագանքել դրանցից մեկին. լուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Այսօր ավելի վաղ հյատնել էինք, որ Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողի։ Նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է, մյուսները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

 

Leave a comment