Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը խորհրդարանական ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչու իշխող մեծամասնությունը որոշեց տապալել «Ուժեղ Հայաստան» խմբակցության երեք թեկնածուների ընտրությունը մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում, սակայն կողմ քվեարկեց «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Գալստյանին և ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանին։
Հակոբյանի խոսքով՝ խմբակցությունում ծավալվել են բուռն քննարկումներ, որոնց արդյունքում յուրաքանչյուր թեկնածուի հարցով կայացվել է անհատական որոշում։
«Հիմնավորումները կապված են եղել, օրինակ, պարոն Ֆարմանյանի դեպքում իր պատասխանները մեզ վստահություն չեն ներշնչել։ Օրինակ՝ այդ «Էֆ Էլ Էյչ» ընկերության հետ կապված, որ ինքը, իբր, կապ չուներ, բայց «Էֆ Էլ Էյչ»-ի հետ կապ ուներ, կամ գրանցված ցածր աշխատավարձի և 40 միլիոն դրամ փոխառության հետ կապված հարցերը չեն փարատել մեր կասկածները։ Բացի այդ՝ նրա ունեցած ընկերությունը, որը զբաղվել է բրոքերական գործունեությամբ այն ժամանակ, երբ ինքը եղել է ՊԵԿ աշխատակից։ Նաև պարոն Ֆարմանյանը արտահայտվեց, որ ինքը դեմ է ապօրինի գույքի բռնագանձման օրենքին, և դա համարում է ական պետության հիմքի տակ, չնայած հետո փոխեց իր խոսքը և ասաց, որ խմբակցության դիրքորոշումը չի դա։ Այսինքն՝ բազմաթիվ դրվագներով պարոն Ֆարմանյանի ելույթները և այն հարցադրումները, որոնք հնչել են, և դրանց տրված պատասխանները մեզ չեն գոհացրել։
Իսկ պարոն Ղազինյանի դեպքում մեր խմբակցության անդամների կողմից հաշվի է առնվել այն, որ նա անցնում է ընտրակաշառքի գործով, չնայած հարգելով անմեղության կանխավարկածը, բայց այդպիսի կասկածները դեռ փարատված չեն դատարանի որոշումով, հետևաբար մենք ռիսկային ենք համարում այդ ընտրությունը»,- ասաց Հակոբյանը։
ՔՊ-ում կարծում են, որ Արեգա Հովսեփյանը չփարատեց կասկածները Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի ղեկավարման միջոցով Հայաստանի եվրաինտեգրման տեմպերն իսկապես առաջ մղելու վերաբերյալ։ Ըստ Հակոբյանի՝ այս հարցում դեր են խաղացել նաև քաղհասարակության մտահոգությունները։
Պատասխանելով լրագրողների այն դիտարկմանը, թե ինչպես են բոլոր 62 պատգամավորները միատեսակ դեմ քվեարկել, Վոլոդյա Հակոբյանը պարզաբանեց, որ խմբակցությունը որոշումները կայացնում է քննարկման և ներքին բաց քվեարկության միջոցով, որից հետո դրսևորվում է խմբակցական միասնական դիրքորոշում։
«Սա ապացույցն է նրա, որ մենք ընդդիմությանը բոյկոտելու նպատակ չունենք, այլ գնահատել ենք կոնկրետ անձանց և նրանց կողմից տրված պատասխանները»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան