Հայաստանում սեպտեմբերին նախատեսված Tour of Armenia հեծանվային մրցաշարին կմասնակցի շուրջ 20 թիմ տարբեր երկրներից․ պետությունը կհատկացնի 884 մլն դրամ

Գործադիրն ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 10-13-ը ՀՀ-ում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով


ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սեպտեմբերի 10-13-ը կանցկացվի «Tour of Armenia» հեծանվաերթ։ 


Գործադիրն ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 10-13-ը ՀՀ-ում անցկացվելիք «Tour of Armenia» միջազգային բազմօրյա խմբային հեծանվաերթի պատշաճ կազմակերպումն ու անցկացումն ապահովելու նպատակով։ 


Ըստ այդմ՝ նախատեսվում է միջոցառման կազմակերպման գործընթացում ներգրավված պետական մարմինների և կառույցների գործունեության համար անհրաժեշտ կազմակերպչական պայմանների ապահովում՝ հաշվի առնելով միջոցառման միջազգային, բազմօրյա և բազմամարդ բնույթը։ 


Կարգավորումը միտված է միջոցառման հետ կապված կազմակերպչական հարցերի արդյունավետ լուծմանը և դրա անցկացման ընթացքում անհրաժեշտ միջոցառումների պատշաճ իրականացման ապահովմանը։ 


Արդյունքում՝ Հայաստանը կդառնա վստահելի գործընկեր միջազգային սպորտային միջոցառումների կազմակերպման ոլորտում՝ ամրապնդելով իր հեղինակությունը։ 


Միջազգային միջոցառման անցկացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի՝ որպես միջազգային սպորտային միջոցառումների անցկացման համար գրավիչ ուղղության ներկայացվածության ընդլայնմանը։ 


Միջոցառման միջազգային հարթակներում լուսաբանումը և մասնակիցների կողմից Հայաստանի տարբեր բնակավայրեր այցելությունը կարող են նպաստել Հայաստանի վերաբերյալ տեղեկատվության տարածմանը, զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը և երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը։ 


Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 10-13-ը և ունենալու է 4-օրյա տևողություն: 


Այն կմեկնարկի սեպտեմբերի 10-ին Գավառ-Մեծ Մասրիկ ճանապարհով՝ 135 կմ երկարությամբ: Երկրորդ օրը կանցկացվի Կիրանց-Ստեփանավան հատվածը՝ 177 կմ երկարությամբ: Երրորդ օրը նախատեսված է Մարտունի-Դիլիջան հատվածը՝ 162 կմ երկարությամբ՝ Պարզ լճում հանգրվանելով: 


Չորրորդ օրը մրցաշարը կանցկացվի ամբողջությամբ Երևանում՝ 113 կմ ընդհանուր երկարությամբ, որտեղ հեծանվորդները 10 անգամ կանցնեն 11,3 կիլոմետրանոց հատվածը:

«Սա հնարավորություն կտա նաև հանդիսատեսին հավաքվել և հետևել հեծանվաերթին: Նախատեսում ենք, որ մրցաշարին կմասնակցեն տարբեր երկրների 18-20 թիմեր: Արդեն իսկ պարզ է, որ աշխարհագրությունը շատ բազմազան է՝ Ճապոնիա, Իտալիա, Ղազախստան, Մեծ Բրիտանիա, Թայլանդ, Լեհաստան, Պորտուգալիա, Չեխիա, Գերմանիա և այլ երկրներից տարբեր թիմերի մասնակցություն ունենք: Մրցաշարին կմասնակցի նաև Հայաստանի հավաքականը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ հեծանվային մրցաշարը հեռարձակվելու է ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հեղինակավոր հարթակներով: 


Նախարարը տեղեկացրել է նաև, որ միջոցառումն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցությամբ: Որոշմամբ պետական բյուջեից միջոցներ են հատկացվում 884 մլն դրամի չափով:


 


Նիկոլ Փաշինյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը Հայաստանում և նշել, որ այն կպաստի երկրում պրոֆեսիոնալ սպորտը զարգացմանն ու Հայաստանի տեսանելիությունը բարձրացմանը:


 

Leave a comment