Վերջը դիվերսիֆիկացիան է. Փաշինյանը` ՌԴ սահմանափակումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստանի կողմից հնարավոր սահմանափակումներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։

Արձագանքելով Ռուսաստանի սանիտարական մարմինների կողմից սպասվող ստուգումների և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ հարցին՝ վարչապետը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը բաց համագործակցության. «Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկե՛ք ստուգեք, եկե՛ք իրար հետ ստուգենք»։

Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ անկախ ռուսական շուկայի հնարավոր ամբողջական բացումից, Հայաստանը շարունակելու է հետևողականորեն իրականացնել տնտեսական դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը. «Այս պատմությունը ավարտվելու է դիվերսիֆիկացիայով,  որպեսզի այս իրավիճակներից մենք մեկընդմիշտ մեզ ապահովագրենք»։

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին և հաղորդակցության ուղիների (ԹՐԻՓՓ նախագծի) շինարարական աշխատանքների փուլերին՝ վարչապետը նշեց, որ գործընթացն ընթանում է բնականոն հունով։ Նրա խոսքով՝ ներկայումս համապատասխան համաձայնագիրը գտնվում է վավերացման փուլում, և ԹՐԻՓՓ ընկերությունը հիմնադրելու շուրջ բանակցություններն են հիմա ավարտին հասնում։ Փաշինյանը հավելեց, որ որևէ խոչընդոտ չկա, և սա «պարզ աշխատանքային գործընթաց է, որը ժամանակ է տանում»։

Գնահատելով խաղաղության ամբողջական ամրագրմանը խոչընդոտող հանգամանքները՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ իրադրությունը տեղում կայուն է. «Խաղաղությանը ոչ մի խոչընդոտ չկա, որովհետև խաղաղությունը հաստատված է»։ 

Վարչապետի ձևակերպմամբ՝ ներկայումս հիմնական անելիքը խաղաղության ինստիտուցիոնալացումն է, որի բաղկացուցիչ մասն է նաև ԹՐԻՓՓ նախագիծը։

Նա կարևորեց տարածաշրջանի ճանապարհների բացումն ու ապաշրջափակումը որպես խաղաղության երաշխիք. «Երբ որ ճանապարհները բացվեն և տեղի ունենա հաղորդակցություն, ապա ապաշրջափակումը դա շատ ուժեղ երաշխիք է խաղաղության, որովհետև այդ խաղաղությունից բոլոր երկրները իրենց օգուտները կստանան»։

Վարչապետը նաև տեղեկացրեց, որ խաղաղության համաձայնագրի շուրջ աշխատանքները շարունակվելու են ադրբեջանական կողմի հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment