Հասարակություն
20.08.2026 | 14:18
Ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Զինված ուժերում տեղի ունեցած ողբերգական միջադեպին, Կառավարության մարզային այցելություններին և առաջիկա ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական գործընթացին:
Անդրադառնալով Զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման հանձնաժողովի ստեղծմանն ու բանակի խնդիրներին՝ վարչապետը հայտնեց նախօրեին տեղի ունեցած պատահարի մասին։ Ըստ նրա՝ զինվորները վրաերթի են ենթարկվել մի մեքենայի կողմից, որը շահագործման ենթակա չպետք է լիներ, ինչի հետևանքով զինվորներից մեկը զոհվել է․ «Այս դեպքը… այս դեպքն էլ է նրա մասին, թե մեր պրոբլեմները ինչ համակարգային նշանակություն ունեն»։
Փաշինյանը զուգահեռներ անցկացրեց պարեկային ծառայության ներդրման շրջանի հետ՝ հիշեցնելով, որ տարբեր վայրերից զանգեր են եղել՝ գյուղական բնակավայրերում խոտ տեղափոխող մեքենաների տեխզննման կամ պետհամարանիշների պահանջներից զիջումներ անելու խնդրանքով, սակայն Կառավարությունը զիջման չի գնացել։ Վարչապետը հավելեց, որ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ զինվորների դրսում գտնվելու պատճառները, պետք է պարզվեն։
Մարզային այցելությունների և բնակիչների հետ տեղում խնդիրները քննարկելու վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ այդ աշխատանքներն արդեն սկսվել են։
«Ես ընտրություններից հետո շաբաթվա մեջ առնվազն մի օր չեմ գալիս այս շենք և աշխատում եմ շենքից դուրս՝ տարբեր տեղեր գնալով, մարդկանց հետ շփվելով»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան