Զինծառայողներն ինչո՞ւ էին ուշ ժամի դուրս եկել վազքի․ Գեղարքունիքում զինծառայողների վրաերթի ողբերգական դեպքի հետքերով

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետ Արամ Հովհաննիսյանի բախտը նաև նոր պաշտոնում չբերեց․ նրա նշանակումից օրեր անց Զինված ուժերում հերթական ողբերգական դեպքը տեղի ունեցավ՝ զինծառայողի մահվան ելքով։

Այնինչ նրա նշանակումը իշխող ուժի մոտ ակնկալիք էր ձևավորել, որ բանակում մահվան դեպքերն ու դժբախտ պատահարները կտրուկ կնվազեն։ Ինչպես հայտնի է, երեկ՝ օգոստոսի 19-ին, ժամը 21.20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը վրաերթի է ենթարկել Ճամբարակի զորամասում ծառայություն իրականացնող 7 զինծառայողների, որոնցից մեկը մինչև հիվանդանոց տեղափոխվելը մահացել է, մյուսները տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ, երկու զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը՝ միջին ծանրության։

Ավելի ուշ պարզվել էր վրաերթի ենթարկված զինվորականների ինքնությունը՝ 2007-2008 թվականներին ծնված երիտասարդներ։ Իսկ մահացած զինծառայողը՝ 19-ամյա Սուրեն Վարդանյանը, ըստ մամուլում հայտնված հրապարակումների, Կոտայքի մարզի Ջրվեժ բնակավայրի Ձորաղբյուր գյուղից էր և ընդամենը մեկ ամիս առաջ էր տեղափոխվել այս զորամաս։ Այս տեղեկությունը MediaHub-ի հետ զրույցում հաստատեցին նաև Ձորաղբյուրի համայնքապետարանից՝ տեղեկացնելով, որ զոհված զինծառայողը երկու որդի ունեցող ընտանիքի ավագն զավակն էր և ուսումնական զորամասից նոր էր տեղափոխվել Ճամբարակի N զորամաս։ Համայնքապետարանի աշխատակցի հավաստմամբ՝ շատ համեստ ու պարկեշտ ծնողների զավակ էր Սուրենը, և որդուն բանակ ուղարկելով՝ չէին մտածում, որ խաղաղ պայմաններում նա կարող է այլևս տուն չվերադառնալ։

MediaHub-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը 7 զինծառայողները ուշ երեկոյան վազքի էին դուրս եկել և հենց այդ պահին էլ «Գազ 53» մեքենան, որն ըստ Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության, հավանաբար անսարք վիճակում է եղել, իսկ վարորդն էլ՝ առանց վարարոդական իրավունքի (ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնների խախտման հիմքով՝ ՔրՕր-ի 342-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով), հավանաբար մթության մեջ չկողմնորոշվելով և չկարողանալով կառավարել անսարք մեքենան այդ պահին մեքենան վարել է դեպի վազող զինծառայողների ուղղությամբ և վրաերթի ենթարկել նրանց։ Թե ինչո՞ւ են զինծառայողները հենց այդ ժամին վազք իրականացրել և ինչպիսի՞ պայմաններում, արդյոք ճանապարհի երկարությամբ ապահովված է եղել համապատասխան լուսավորություն, որպեսզի նման միջադեպերից հնարավոր լիներ խուսափել, արդյո՞ք պահպանվել են վազքի դուրս բերվող զինծառայողների անվտանգությունն ու վերահսկողությունը, կպարզի նախաքննությունը։

Թեև մամուլում արդեն դժբախտ դեպքի տարբեր վարկածներ են շրջանառվում։ Վարկածներից մեկով չի բացառվում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ դարձած զինծառայողներին ուշ ժամին որպես պատիժ էին վազքի հանել՝ չկանխատեսելով նման ելքը։ Ամեն դեպքում, պետք է հուսալ, որ կիարականցվի արդար քննություն և մեղավորները՝ վերից վար, իրապես պատասխանատվության կենթարկվեն։

Թագուհի Ասլանյան

Leave a comment