ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է պատմական առավելագույնին՝ գերազանցելով 40 տրլն դոլարի շեմը: Այս մասին հայտնում է CNBC-ն՝ վկայակոչելով երկրի ֆինանսների նախարարության տվյալները։ Պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է 40.05 տրլն դոլար՝ 30 տրլն դոլարի շեմը հատելուց 4.5 տարի անց։
Հուլիսին ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը կազմել է 432.3 մլրդ դոլար, ինչը 2021 թվականի մարտից ի վեր ամենաբարձր ամսական ցուցանիշն է։ Տարեսկզբից բյուջեի պակասուրդը մոտենում է 1.8 տրլն դոլարի՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Փոխառությունների աճի և բարձր տոկոսադրույքների ֆոնին ընթացիկ տարում կառավարության՝ պարտքի սպասարկման ծախսերը հասել են գրեթե 1.2 տրլն դոլարի՝ զիջելով միայն սոցիալական ապահովության և առողջապահության ոլորտների ծախսերին։
Տասը տարի առաջ ԱՄՆ-ի պետական պարտքը կազմում էր 19.4 տրլն դոլար։ Պարտքի կտրուկ աճը պայմանավորված է բյուջեի դեֆիցիտի բազմամյա ավելացմամբ, որը լրացուցիչ արագացավ համավարակի ժամանակ տնտեսության խթանման ծրագրերի պատճառով։ Դրա հետևանքով պետական պարտքի մասնաբաժինը մոտեցել է ՀՆԱ-ի 100%-ին։