Հին և նոր ԱԷԿ–ներ, դիվերսիֆիկացում. ի՞նչ է առաջարկում ՀՀ կառավարության էներգետիկ ծրագիրը

Բաժանորդագրվել

Ծրագրում նշված է` խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունը նոր ատոմակայանի տեխնոլոգիան կընտրի մինչև 2027 թվականի ավարտը։ Այս մասին ասված է ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում, որը հաստատվեց գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ։

«Մեկնարկելու է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագիրը՝ մինչև 2027 թվականի ավարտն իրականացնելով առնվազն էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրությունը»,– ասված է ծրագրում:

Ինչ վերաբերում է գործող ատոմակայանին, ապա նշվում է, որ ամբողջական իրականացվելու է ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի` 2026-2036 թվականների երկարացման ծրագիրը:

Միաժամանակ կառավարության ծրագրում նշվում է, որ դիվերսիֆիկացվելու են էներգիայի աղբյուրները` զարգացնելով ատոմային, գազային, հիդրո, արևային և այլ վերականգնվող էներգետիկ հզորությունները՝ ներառյալ կանաչ ջրածնի ներուժը։ Մեկնարկելու է Հայաստանի էներգետիկ վերափոխումը։

Զարգացվելու է վերականգնվող էներգետիկան՝ մինչև 2040 թվականն արևային և հողմային էներգետիկայի հզորությունը 2000 ՄՎտ հասցնելու նպատակադրմամբ:

Էներգետիկ համակարգի ճկունությունն ու կայունությունն ապահովելու նպատակով ներդրվելու են ժամանակակից պահեստավորման կայաններ՝ մինչև 2031 թվականը կուտակիչ կայանների առնվազն 800 ՄՎտ հզորություն ունենալու նպատակադրմամբ:

Շահագործման է հանձնվելու Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա օդային գծի և «Նորավան» 400/220/20 կՎ լարման ենթակայանը: Մեկնարկելու են Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման օդային գծի և 400 կՎ լարման «Այրում» ու «Դդմաշեն» ենթակայանների կառուցման աշխատանքները:

Խթանվելու են Թուրքիայի և Ադրբեջանի, ինչպես նաև լայն տարածաշրջանի երկրների հետ երկխոսությունն ու համագործակցությունը՝ նոր էներգետիկ կապուղիների ընդլայնման նպատակով:

Leave a comment