Մեր ֆերմերային տնտեսություններին աջակցում ենք, որպեսզի թզի և դեղձի սպառման խնդիրը լուծենք. Փաշինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարևոր է, որ մենք դինամիկ գործելակերպ ունենք և շուկայում առաջացած խնդիրներին արագ արձագանքում ենք: Եթե արտահանման հետ կապված խնդիրներ կան, ուրեմն պետք է աջակցենք, կոնկրետ դեղձի ու թզի դեպքում վերամշակման շղթայի մեջ պետք է մտցնենք այդ ապրանքը, նախ պահման համար ավելի լավ պայմաններ են, և երկրորդը՝ հետագայում արտահանման պոտենցիալն ավելի մեծանում է: Մենք հիմա մեր ֆերմերային տնտեսություններին աջակցում ենք, որպեսզի թզի և դեղձի սպառման խնդիրը լուծենք»,-Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի խոսքով՝ խաղողի մթերման հետ կապված ծրագրեր են իրականացրել, եղել են հաջող դեպքեր, եղել են դեպքեր, որ գնացել ու քրեական գործեր են դարձել. «Շատ կարևոր է, որ ունենանք վերիֆիկացիայի հստակ համակարգ: Մենք շղթայի մեջ պետք է նայենք, միայն մթերման խնդիրը չի, կարևոր է, որ ստվերը կանխարգելելու հստակ մեխանիզմ ունենանք: Մենք պետք է իմանանք՝ մեր երկրում ինչքան խաղողի այգի կա, դեղձի, ծիրանի այգի կա: Չենք կարող գնալ բոլոր տեղերը սանտիմետր-սանտիմետր չափել, չենք կարող գնալ բոլոր թփերը ստուգել, բայց արբանյակն ու ԱԲ-ն կարող են նաև հողի հատիկները ստուգել»:
Անդրադառնալով դրոշմավորման համակարգին՝ Փաշինյանը նշեց. «Դրոշմավորման համակարգը պետք է մաքսիմալ տարածենք, դրա հետ կապված, եթե հարցեր ունենք, դա չի նշանակում, որ պետք է նստենք սպասենք հարցերի պատասխանները լինի, նոր գնանք առաջ: 2027 թվականի հունվարի 1-ից մենք այդ մաքսիմալ ծածկույթը պետք է ունենանք: Ստվեր պետք է չլինի, չկա այդպիսի ապրանք, որ ասեմ՝ լավ, եկեք սա չդրոշմավորենք, դա է ճանապարհը ստվերին վերջ տալու»: