Լեհաստանը խստացրել է Վրաստանի քաղաքացիների աշխատանքային մուտքի կանոնները

Լեհաստանը խստացրել է Վրաստանի քաղաքացիների աշխատանքային մուտքի կանոնները

Լեհաստանի կառավարությունը խստացրել է Վրաստանի, Կոլումբիայի և Վենեսուելայի քաղաքացիների աշխատանքի նպատակով մուտքի կանոնները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկիի  օգոստոսի 10-ին ստորագրած կարգադրությունն ուժի մեջ է մտել շաբաթ օրը, որն անմիջականորեն վերաբերում է աշխատանքի տեղավորման նպատակով Լեհաստան մուտք գործող անձանց։

Ի՞նչ է փոխվում և ո՞ւմ են վերաբերում նոր կանոնները։

 Վրաստանի քաղաքացիները նախկինի պես կարող են առանց վիզայի ուղևորվել Լեհաստան՝ զբոսաշրջային կամ այլ թույլատրելի կարճաժամկետ այցերի շրջանակում։

Այսուհետ Լեհաստանում աշխատանքի տեղավորվելու նպատակով մուտք գործելու համար Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ստացումը դառնում է պարտադիր։

 Այն անձինք, որոնք Լեհաստանի տարածք են մուտք գործել մինչև օգոստոսի 15-ը, կօգտվեն հին կարգավորումներից։

 Երկրորդ կարևոր փոփոխությունը ուժի մեջ է մտնում օգոստոսի 22-ից․ Վրաստանի, Կոլումբիայի և Վենեսուելայի այն քաղաքացիները, որոնք ունեն Լեհաստանում աշխատանքի թույլտվություն (work permit), այլևս իրավունք չեն ունենա աշխատելու առանց վիզայի ռեժիմի շրջանակում գտնվելու ընթացքում (նրանց ամեն դեպքում անհրաժեշտ կլինի համապատասխան վիզա)։

Լեհաստանի կառավարության հայտարարությամբ՝ նշված երեք երկրների քաղաքացիները սիստեմատիկորեն օգտագործում էին առանց վիզայի ռեժիմը, որպեսզի շրջանցեին օրենսդրությամբ սահմանված պահանջները և աշխատանքի անցնեին։

Պաշտոնական անձինք սահմանափակումների կիրառման պատճառ են անվանել անօրինական աշխատանքն ու շահագործումը, ստվերային շուկայի աճը, թրաֆիքինգը և միգրացիոն ռիսկերի սրումը։

Այս քայլը Լեհաստանում անօրինական միգրացիայի և օտարերկրյա կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայն արշավի մասն է։ Անցյալ տարի Լեհաստանի իրավապահները ողջ երկրում իրականացրել են գործողություններ և արտաքսման ընթացակարգեր, որոնց շարքում կային նաև Վրաստանի քաղաքացիներ։ Դեկտեմբերին Լեհաստանն արտաքսել է նաև Վրաստանի 10 քաղաքացու, որոնք, իշխանությունների գնահատմամբ, սպառնալիք էին ներկայացնում հասարակական կարգին և պետական անվտանգությանը։

Leave a comment