Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թեհրանին ժամանակավոր հրադադար պետք չէ, անհրաժեշտ է հասնել պատերազմի լիակատար դադարեցման: Աբբաս Արաղչին շեշտել է՝ Իսլամական Հանրապետությունը չի ցանկանում, որ ամեն ինչ կրկնվի, ինչպես նախորդ անգամ՝ 12-օրյա պատերազմից հետո:
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Ալի Աբդոլլահին էլ կոչ է արել Պարսից ծոցի երկրներին դադարեցնել Իրանի դեմ հակամարտության համատեքստում ԱՄՆ-ին աջակցությունը: «Հարավային ափի երկրները, որոնք պնդում են, թե թույլ չեն տալիս Միացյալ Նահանգներին օգտագործել իրենց տարածքը Իրանի դեմ, պետք է իմանան՝ մեր ուշադրությունից ոչինչ չի վրիպի»,- շեշտել է Աբդոլլահին։ Նրա խոսքով՝ ցանկացած աջակցություն կհամարվի ամերիկյան զինված ուժերի հետ համագործակցություն:
Ավելի վաղ՝ Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել էր, որ Իրանը երկու բալիստիկ հրթիռ է արձակել երկրի ուղղությամբ, սակայն դրանք չեն հասել նպատակակետին: Պաշտպանության նախարարությունը զգուշացրել է՝ ԱՄԷ զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի։ Իրանի ԱԳՆ խոսնակը հերքել է բոլոր մեղադրանքները: Սակայն Աբու Դաբին արդեն հայտարարել է, որ կասեցնում է Իսլամական Հանրապետության հետ առևտրային և ֆինանսական գործարքները:
Մանրամասները՝ տեսաշարում: