ԵՊՀ ամբիոնի վարիչը մեղադրվում է բուհ ընդունելու համար 4000 դոլար կաշառք ստանալու մեջ

Բաժանորդագրվել

Նրան մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչը մեղադրվում է քաղաքացու՝ ԵՊՀ ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու համար 4000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։

Ըստ նախաքննության՝ ամբիոնի վարիչը, օգտագործելով ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, քաղաքացու օգտին գործողություն կատարելու՝ վերջինիս ԵՊՀ ընդունելությունն անխոչընդոտ ապահովելու համար, նրա ազգականից սկզբում պահանջել է 5000 ԱՄՆ դոլար։ Հակակոռուպցիոն կոմիտեի տվյալներով՝ սակարկությունից հետո պահանջվող կաշառքի չափը նվազեցվել է մինչև 4000 դոլար։

Կոմիտեի պնդմամբ` քրեական վարույթով հիմնավորվել է, որ մեղադրյալը Հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է 2023 թվականի սեպտեմբերի 3-ից և կաշառքը ստացել է՝ օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները. նրան մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Նախաքննությունն ավարտվել է, իսկ վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան։

Նշենք, որ ԵՊՀ պաշտոնական կայքում Հայոց պատմության ամբիոնի վարիչ նշված է ընդդիմադիր քաղաքական գործիչ Արծվիկ Մինասյանի եղբայրը` Էդիկ Մինասյանը։

Leave a comment