«Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով»․ Իվետա Տոնոյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Գագիկ Ծառուկյանը դաշինք չի կազմի որևէ քաղաքական ուժի հետ, ընտրություններին կմասնակցի ԲՀԿ-ով։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Մենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությամբ և «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, միաժամանակ, պարոն Ծառուկյանը առաջ է քաշել վերկուսակցական «Նոյյան Տապանի» գաղափարը, որտեղ ընդգրկված են լինելու տարբեր ոլորտների բանիմաց, պրոֆեսիոնալ մարդիկ, այդ թվում՝ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ, որոնք ևս ընդգրկված են լինելու մեր ցանկում։ Բայց սա կուսակցությունների դաշինքի մասին չէ»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ԲՀԿ-ի վարչապետի թեկնածուն և ցուցակը գլխավորող անձը լինելու Գագիկ Ծառուկյանը՝ Տոնոյանը նշել է, որ վարչապետի թեկնածության հետ կապված Ծառուկյանն ասել է, որ ինքը հավակնություն և ցանկություն առանձնապես չունի վարչապետի պաշտոն զբաղեցնելու։ «Բայց ունի նաև վարչապետի շատ համապատասխան մի քանի թեկնածուներ: Կարծում եմ, մնացած բոլոր հարցերի պատասխանները պարոն Ծառուկյանը առաջիկայում կտա»,- ասել է Տոնոյանը:

Leave a comment