Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։
Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (INL) գրասենյակի կողմից իրականացվելիք ծրագրի շրջանակներում:
Անդրադառնալով արդարադատության ոլորտի առաջնահերթություններին՝ Սրբուհի Գալյանը կարևորել է արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակումը, որտեղ, ի թիվս այլնի, հասցեագրվելու են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը և դատաիրավական համակարգի բարեփոխումները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտներին, իրավական փոխօգնությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Սրբուհի Գալյանը Դեյվիդ Ալենին հրավիրել է նաև սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք ամենամյա «Արբիտրաժային շաբաթ» միջոցառմանը։ Իր հերթին Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել հրավերի համար՝ հետաքրքրություն հայտնելով ոլորտի հետագա զարգացման և հնարավոր համագործակցության ուղղությամբ:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը։