«Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մեկնել է Ռումինիա, որտեղ կանցկացնի Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան ակումբի մրցակիցը Ռումինիայի չեմպիոն «Ունիվերսիտատեա Կրայովան» է, որի դեմ արտագնա խաղը կկայանա օգոստոսի 20-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին:

«Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգա է տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» (2:1, 0:2): Գլխավոր եվրագավաթի որակավորման նախորդ երկու փուլերում երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Ունիվերսիտատեա Կրայովան» ևս եվրագավաթներում պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել բելառուսական «Վիտեբսկին», իսկ հաջորդ փուլում պարտվել է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի «Լևսկիին» ու տեղափոխվել Եվրոպա լիգա: Նախորդ փուլում ռումինական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթել էր ֆիննական «Կուպսին» (1:1, 2:1):

Leave a comment