Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում


Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:


 


Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման, ջրամբարաշինության և կեղտաջրերի մաքրման ոլորտներում իրականացվող ու նախատեսվող ծրագրերին, ինչպես նաև հայ-չեխական համագործակցության ընդլայնման հնարավորություններին։


 


Ջրային կոմիտեի նախագահը նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, ենթակառուցվածքների զարգացումն ու արդիականացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից են։


 


Ղալամքարյանը ներկայացրել է առաջիկա 10-15 տարիներին շուրջ 25 ջրամբարի կառուցման ծրագրերը՝ անդրադառնալով նաև Կապսի ջրամբարի կառուցման, ծավալի ավելացման և Եղվարդի ջրամբարի վերականգնման հնարավորություններին։


 


Առանձին անդրադարձ է կատարվել կեղտաջրերի մաքրմանը։ ՋԿ նախագահը նշել է, որ առաջնահերթ խնդիր է կեղտաջրերի՝ առանց համապատասխան մաքրման բնական միջավայր արտահոսքի բացառումը։


 


Ղալամքարյանը նշել է, որ Սևանա լճի ավազանում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման և համապատասխան տեխնոլոգիական լուծումների ներդրման համար նախատեսվում է հայտարարել բաց միջազգային մրցույթներ։


 


Չեխական կողմը պատրաստակամություն է հայտնել տրամադրել փորձագիտական աջակցություն, ինչպես նաև ներկայացնել ջրային կառավարման ոլորտում մասնագիտացած չեխական ընկերությունների տեխնոլոգիական լուծումներն ու ծառայությունները։ Հայկական կողմին կփոխանցվի համապատասխան տեղեկատվական փաթեթ։


 


Կողմերը կարևորել են գործնական շփումների շարունակականությունը և պայմանավորվել ապահովել հետագա փորձագիտական հանդիպումների կազմակերպումը։

Դիտումների քանակ8

Leave a comment