Միրզոյանն ու ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու խաղաղության գործընթացը

Քաղաքականություն

18.08.2026 | 15:05

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեի հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացումը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերն ու տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն առանձնացրել են նաև Հայաստանում «Firebird AI»-ի տվյալային կենտրոնի ստեղծումը։

«Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ Աբրահամ Համադեին:

Զրուցակիցներն ընդգծել են 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովի պատմական նշանակությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման, ինչպես նաև տարածաշրջանի զարգացման ներուժի իրացման գործում: Անդրադարձ է կատարվել խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին: Ընդգծվել է հումանիտար հարցերի կարգավորման կարևորությունը:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է Հայաստան-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման աննախադեպ դինամիկան, ինչը դրսևորվում է տարբեր ոլորտներում համագործակցության շոշափելի արդյունքներով: Այս համատեքստում, ի թիվս մի շարք փոխշահավետ այլ նախաձեռնությունների, առանձնանշվել է «Firebird AI» ընկերության տվյալային կենտրոնի («ԱԲ գործարանի») հիմնումը Հայաստանում։

Անդրադարձ է կատարվել փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին:

Արարատ Միրզոյանը և Աբրահամ Համադեին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային իրողությունների շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment