2026-ի 6 ամիսներին ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է, սպանության փորձերի թիվը՝ աճել


2026 թվականի 6 ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցված հանցագործությունների թիվը նվազել է 65-ով կամ 0,3 տոկոսով: 2025 թվականի 6 ամիսների ընթացքում եղել է 22,025 դեպք, 2026-ի 6 ամիսների ընթացքում՝ 21,960 դեպք, ինչը հիմնականում պայմանավորված է սեփականության և մարդու դեմ ուղղված հանցագործությունների թվի նվազմամբ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Ցուցուլյանը:


Հաշվետու ժամանակահատվածում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինն ընդհանուր հանցագործությունների կազմում նվազել է 1,9 տոկոսով: Արձանագրված դեպքերի 88,2 տոկոսը հանրային նշանակության նվազ վտանգավորություն ներկայացնող ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններն են, իսկ 11,8 տոկոսը՝ ծանր և առանձնապես ծանր դեպքերը:


«11,8 տոկոսի մեջ 10,4 տոկոսը ծանր դեպքերն են, իսկ 1,4 տոկոսը՝ առանձնապես ծանր հանցագործության դեպքերը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը հանցավորության վտանգավորության աստիճանի տեսանկյունից համարվում է անվտանգ:


Միևնույն ժամանակ, աճել է սպանության փորձերի թիվը. 2025 թվականի 6 ամիսներին արձանագրվել է 39 դեպք, 2026 թվականին՝ 51 դեպք: Սպանության փորձի դեպքերն աճել են 12-ով կամ 30,8 տոկոսով:


Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 107 դեպք է արձանագրվել 2025-ին, 114 դեպք՝ 2026-ին: Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 82 դեպք գրանցվել է 2025-ի առաջին կիսամյակում, 93 դեպք՝ 2026-ի առաջին կիսամյակում:

Leave a comment