ՍԱՏՄ–ն ստուգում է «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերը․ խախտումներ են հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Կուպատիի արտադրությունը ստուգելիս հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Ստուգումներ են կատարվում «Արտ լանչ» սննդի ցանցի բոլոր մասնաճյուղերում, 2-ում խախտումներ են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Նշվում է, որ խախտումներ են հայտնաբերվել Երևանի Աբելյան փողոց 6/12 հասցեում գործող «Արտ լանչում» («Այ Թի Պարկ» բիզնես կենտրոն)․ պահեստային մասի հատակը չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ և մաքուր վիճակում, պատերի վրա առկա խողովակները ենթարկված են եղել կոռոզիայի, խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ, մաքուր վիճակում և այլն։

«Արտ լանչի» այս մասնաճյուղի աշխատանքը կասեցվել է։

Խախտումներ են հայտնաբերվել նաև Բաբաջանյան 40/1 հասցեում գործող «կուպատի սառեցված կիսապատրաստվածք» արտադրատեսակի արտադրության մեջ. այստեղ արձանագրվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված «մեզոֆիլ աերոբ ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ» (ՄԱՖԱՆՄՔ), «աղիքային ցուպիկի խմբի մանրէներ» (ԱՑԽՄ) և «բորբոսասնկեր» ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին:

Տեսչական մարմնից հայտնում են, որ «Արտ լանչի» բոլոր մասնաճյուղերում ստուգումները շարունակվում են:

Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է

Leave a comment