Youtube-ը «գալիս է» Հայաստան. երբվանից գովազդ կհայտնվի ու կաշխատի դրամայնացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն

10.02.2026 | 18:30

Շուտով եթե Հայաստանի տարածքից յութուբում վիդեո բացեք, նաև գովազդ եք դիտելու։ Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան։ Մեր երկիրն ընդգրկվել է YouTube Partner Program-ում։  Նախատեսվում է այն գործարկել այս գարնանը, հստակ օր, սակայն, հայտնի չէ։   

Դեռևս 2019 թվականին էր քննարկվել YouTube-ի գործընկերների ծրագրում ընդգրկվելու հարցը, որը թույլ է տալիս վիդեոհոսթինգում բովանդակությունից գումար գեներացնել: ԲՏԱ նախարարությունը և հենց վարչապետը բազմիցս խոստացել էին հարցն արագ լուծել։ Այդ գործընթացը, սակայն, ձգձգվեց՝ դժգոհություն առաջացնելով ստեղծագործական համայնքի շրջանում։ 

Ի՞նչ է նշանակում յութուբի դրամայնացումը։ Տեղական բովանդակություն ստեղծողները հնարավորություն են ունենում եկամուտ ստանալ իրենց տեսանյութերի դիտումներից և գովազդներից։

Եթե YouTube-ում բովանդակություն ստեղծողն ունենում է 500 բաժանորդ, իրավասու է լինում դիմել ծրագրին միանալու համար: Իսկ 1,000 բաժանորդի շեմին հասնելուց հետո ստեղծողները կարող են սկսել գումար վաստակել իրենց տեսահոլովակներում և Shorts-երում հայտնվող գովազդների մասնաբաժնից, ինչպես նաև YouTube Premium բաժանորդագրություններից:

Տարբեր երկրներում գովազդատուն յութուբին տարբեր չափերով է վճարում։ Ամենաբարձր սակագները Հյուսիսային Ամերիկայում, Արևմտյան Եվրոպայում և Օվկիանիայի որոշ հատվածներում են։ Առաջին տեղում Միացյալ Նահանգներն է։
Ասիական և աֆրիկյան մի շարք երկրներում գները միջինից զգալիորեն ցածր են։ 

Դեռևս հայտնի չէ, թե մոնետիզացիայից հայաստանյան օգտատերերը  որքան  կստանան, բայց մի բան այս պահին հստակ է․ եթե YouTube-ում տեսանյութեր դիտեք, դրանք պարբերաբար ընդհատվելու են գովազդով։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

 

 

Leave a comment