ՖԻԲԱ-ի գրասենյակում ավարտվել է FIBA Academy-ի առաջին թողարկումը, որի մասնակիցների թվում էր նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանը:
Սպորտի կառավարման ոլորտի առաջնորդների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված մեկամյա ծրագրի շրջանավարտներին հատուկ հավաստագրեր է հանձնել ՖԻԲԱ-ի գլխավոր քարտուղար Անդրեաս Զագլիսը։
Ծրագիրը միտված էր ժամանակակից սպորտային կառավարման, առաջնորդության և միջազգային բասկետբոլի կառավարման համակարգերի վերաբերյալ մասնակիցների գիտելիքների ու հմտությունների զարգացմանը։
ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Արթուր Նազարյանը նշել է.
«Անչափ օգտակար և հետաքրքիր ծրագիր էր, որն անցկացվում էր բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ։ Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան այցելելու առաջատար մարզական կառույցներ, տեղում ծանոթանալու նրանց գործունեությանը, կառավարման մեխանիզմներին և լավագույն փորձին։
Այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու փորձը կարևոր են նաև հայկական բասկետբոլի հետագա զարգացման տեսանկյունից։ Վստահ եմ՝ ծրագրի ընթացքում ստացած գիտելիքներից շատերը հնարավոր կլինի կիրառել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի աշխատանքում»։