Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին. Ռուբեն Ռուբինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Եթե ինչ-որ բան ասում եք այս դահլիճում, ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու եք: Բարեկրթությունը պետք է պահել և հուսով եմ՝ կպահվի»,-ԱԺ նիստում դիմելով «Ուժեղ Հայաստան» խմբակցությանը՝ ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արձագանքելով՝ նշեց, որ ականատես են եղել պոետիկ զեղումների. «Վերջին մեր ջանքերն ենք գործադրում շարունակելու չվերածել 9-րդ գումարման ԱԺ-ն 8-րդ գումարման ԱԺ-ի ու չունենալ նոր ԱԽ քարտուղար»:
Ռուբինյանն էլ նշեց. «Իրապես շատ լավ է, որ մենք ունենք ԱԽ նոր քարտուղար, շնորհավորում եմ պարոն Սիմոնյանին: Ինչ վերաբերում է պոետիկ զեղումներին, կարծում եմ հարգարժան պատգամավորը պետք է առաջին հերթին զբաղվի իր ներկայացրած խմբակցության տարատեսակ պոետներով և ճարտար լեզվի տիրապետողներով: Պոեզիան կա՛մ ընդունելի է՝ որպես որևէ բան հասկացնելու միջոց, կա՛մ ընդունելի չէ: Եթե ընդունելի է, ուրեմն մեր հարգարժան գործընկերները պետք է պատրաստ լինեն, որ տարատեսակ պոետիկ անդրադարձներ կարող են լինել, որտեղ կարելի է կամ չի կարելի տեսնել համընկնումներ իրական կամ մտացածին կերպարների հետ: Եթե ընդունելի չի, հորդորում եմ հարգարժան պատգամավորին իր խմբակցության որոշ անդամներին, որոնք ամենևին «բոքսի տանձիկ» չեն և ես կհոգամ, որպեսզի այստեղ «բոքսի տանձիկի» չվերածվեն՝ հորդորել, որ իրենց պոետիկ զեղումները տանը գնան պատմեն իրենց բարեկամներին, բայց ոչ հանրային տիրույթում: Առողջություն եմ մաղթում բոլոր խմբակցություններին, այդ թվում՝ պոետներին»: