Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության առաջին մրցումային օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի չորս ներկայացուցիչներ, որոնցից երկուսը նվաճել են եզրափակիչի ուղեգիր: Չեմպիոնի կոչման համար կպայքարեն Սամվել Տերտերյանը (77 կգ) և Յուրիկ Պետրոսյանը (87 կգ):

Եզրափակիչի ճանապարհին Սամվել Տերտերյանը հաղթել է եգիպտոսցի (9:0), ամերիկացի (6:0), հունգարացի (5:0) և վրացի (6:0) ըմբիշների: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը կլինի ադրբեջանցի Ջավիդան Նահմատովը:

Յուրիկ Պետրոսյանը պայքարից դուրս է թողել ղրղզ (8:0), իրանցի (5:1) և ավստրիացի (8:1) ըմբիշների, իսկ եզրափակիչում կգոտեմարտի ճապոնացի Տաիզո Յոշիդայի հետ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ալեքս Մարգարյանը (63 կգ) երկու հաղթանակ տանելուց հետո պարտվել է ու ավարտել ելույթները, իսկ Սեյրան Կիրակոսյանը (130 կգ) պարտություն է կրել մեկնարկային գոտեմարտում: Կիրակոսյանին հաղթած ռուս ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ՝ հայ ըմբիշին տալով բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Էդգար Պետրոսյանը (55 կգ), Մարատ Աճեմյանը (60 կգ), Յուրիկ Մխիթարյանը (67 կգ), Գոռ Խաչատրյանը (72 կգ), Վահե Հովհաննիսյանը (82 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ):

Leave a comment