Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում. ՊԵԿ նախագահ


ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ վարկերի և ապառիկների վերաբերյալ տեղեկատվության արտացոլմանը հայտարարագրում: Նա նշեց, որ դրանք լրացնելը պարտադիր չէ. բանկային տվյալների մեջ առավել կարևոր է ավանդների կամ առևտրի դիմաց ստացվող եկամտի մասին տեղեկատվությունը։


«Ինչ վերաբերում է այդ տվյալներին, օրինակ՝ բանկային տվյալներ, վարկեր, ապառիկներ, ապա դրանց հասանելիության հարց չկա։ Ավելի շատ մենք խոսում էինք, օրինակ, ավանդների կամ արժեթղթերի դիմաց ստացվող եկամուտներից, և սրա մասով նույնպես իմ ասած բարեփոխումների շրջանակներում նախատեսում ենք, որ բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ տվյալ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում։


Այսինքն՝ ոչ թե մենք պարզապես ինքներս բանկերից վերցնում ենք, այլ միայն համաձայնության դեպքում բանկը արդեն հստակ հաշվարկած իր եկամուտները, օրինակ, իր ավանդներից, ավտոմատ կերպով փոխանցելու է պետական եկամուտների կոմիտե, և այդ հարթակում ավտոմատ կերպով լրացվելու է»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Leave a comment