ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է շուտով Հորմուզի նեղուցը հռչակել «Միացյալ Նահանգների տարածք»՝ Իրանի դեմ պատերազմի ֆոնին ևս մեկ անգամ պնդելով, որ ԱՄՆ-ը վերահսկում է ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրուղին՝ հայտնում է USA Today-ը։
Թրամփն այս հայտարարությունն արել է՝ խոսելով Իրանի նավահանգիստների նկատմամբ ամերիկյան ռազմածովային շրջափակման հաջողության մասին։ Նրա պնդմամբ՝ այդ շրջափակումը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը վերահսկում է նեղուցը, որը Մերձավոր Արևելքում նավթի փոխադրման կարևորագույն ուղիներից է։
«Երբ ավարտենք Իրանի պարտությունը, իսկ այն հիմա շատ ծանր պարտություն է կրում, շատ շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք։ Ըստ էության` հենց դա էլ ունենք։ Մենք շրջափակում ենք իրականացնում։ Ոչ մի նավ չի անցնում, եթե մենք դա չենք ցանկանում»,- ասել է Թրամփը` օգոստոսի 14-ին Նյու Յորքի Գարդեն Սիթի քաղաքում ունեցած ելույթի ժամանակ։
Հիշեցնենք՝ Հորմուզի նեղուցը կապում է Պարսից ծոցն ու Օմանի ծոցը և անցնում Իրանի ու Օմանի ափերի երկայնքով։ Թրամփը պնդում է, որ Միացյալ Նահանգները նեղուցը բացել է բոլոր առևտրային նավերի համար՝ բացառությամբ Իրանից եկող նավերի։ Նրա խոսքով՝ դա ծանր հարված է հասցրել Իրանի տնտեսությանը, որը մեծապես կախված է նավթի արտահանումից։
Իրանը մերժել է նեղուցի վերաբերյալ Թրամփի բնորոշումը՝ հայտարարելով, որ այն, հակառակը, գտնվում է Իրանի «ամբողջական կառավարման և վերահսկողության» ներքո, և որ առանց Իրանի թույլտվության որևէ առևտրային նավ չի կարող անցնել այնտեղով։
Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին արագ արձագանքել է Թրամփի վերջին հայտարարություններին։
«Հորմուզի նեղուցը հնարավոր չէ զավթել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման արձակելով, ո՛չ էլ նախընտրական ելույթով։ Իրանը ո՛չ վախենում է սպառնալիքներից, ո՛չ էլ ընկրկում ուժի ցուցադրության առաջ»,- ասված է Ղարիբաբադիի հայտարարության մեջ։
Դիտումների քանակ11