Եվրատեսիլի կազմակերպիչները քվեարկության նոր կանոններ են առաջարկել՝ արդյունքների վրա ազդելու նպատակ ունեցող կազմակերպված քաղաքական արշավների ազդեցությունը նվազեցնելու համար։
Գործող համակարգով հանդիսատեսը հեռախոսազանգի, հաղորդագրության կամ առցանց տարբերակով կարող է մինչև 10 անգամ քվեարկել իր նախընտրած մասնակցի օգտին, գրում է BBC-ն:
Մրցույթին մասնակցող հեռարձակողներին ուղարկված նամակում Եվրոպական հեռարձակողների միությունը, ըստ հրապարակված տեղեկությունների, առաջարկել է քվեարկությունն ամբողջությամբ տեղափոխել առցանց և հանդիսատեսից պահանջել ընտրել իր երեք նախընտրած մասնակիցներին՝ մեկ մասնակցի օգտին բազմակի քվեարկելու հնարավորության փոխարեն։
ԵՀՄ-ն հայտնել է, որ քաղաքական դրդապատճառներով քվեարկությունը դարձել է «շարունակական» և շատերի կողմից ընկալվում է որպես «խորապես մտահոգիչ» երևույթ։ Քվեարկության կանոններն ուշադրության կենտրոնում են հայտնվել այն բանից հետո, երբ 2025 թվականին Իսրայելի կառավարությունը երկրպագուներին կոչ է արել բազմակի քվեարկել երկրի մասնակցի օգտին։
Յուվալ Ռաֆայելի «Նոր օրը կբացվի» երգը մրցույթի ժյուրիի քվեարկությամբ զբաղեցրել է 15-րդ տեղը, սակայն հանրային քվեարկությամբ գերազանցել է բոլոր մյուս մասնակիցներին՝ ստանալով 297 միավոր։ Արդյունքում Ռաֆայելն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել է երկրորդ տեղը։
Դրանից հետո մի շարք հեռարձակողներ հարցեր են բարձրացրել, թե ինչպես է Իսրայելին հաջողվել այդքան բարձր արդյունք գրանցել։ Նրանք մատնանշել են, որ Իսրայելի կառավարության հետ կապված պաշտոնական սոցիալական էջերը, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի էջը, մարդկանց կոչ են արել Ռաֆայելի օգտին քվեարկել 20 անգամ՝ այդ պահին թույլատրված առավելագույն քանակով։ Դրան ի պատասխան՝ ԵՀՄ-ն 2026 թվականի համար փոխել է կանոնները՝ առավելագույն քվեների թիվը նվազեցնելով մինչև 10։
Այնուամենայնիվ, մրցույթին ընդառաջ ԵՀՄ-ն ստիպված է եղել պաշտոնական նախազգուշացում ուղարկել իսրայելական Կան հեռարձակողին այն բանից հետո, երբ երկրի մասնակիցը տեսանյութեր է հրապարակել՝ երկրպագուներին հորդորելով «10 անգամ քվեարկել Իսրայելի օգտին»։
Եվրատեսիլը հայտարարել է, որ այդ հրապարակումները չեն համապատասխանել «մրցույթի ոգուն», և պահանջել է հեռացնել դրանք։
Նոր առաջարկներով այլևս հնարավոր չի լինի միևնույն երկրի օգտին բազմակի քվեներ տալ։ Այդուհանդերձ, առավել նվիրված երկրպագուները տեխնիկապես դեռ կարող են լրացուցիչ հաշիվներ գրանցել՝ վճարման տարբեր եղանակներով։
«Մենք կարծում ենք, որ այս փոփոխությունները… կօգնեն նվազեցնել կազմակերպված խմբային քվեարկության ազդեցությունը՝ առանց արդարությունը կամ վստահությունը վտանգելու»,— նշվում է նամակում, որի մասին առաջինը հայտնել է շվեդական «Աֆտոնբլադետ» թերթը։
ԵՀՄ-ն նշել է. «Մենք կարող ենք հաստատել, որ սկսել ենք ուսումնասիրել Եվրատեսիլ երգի մրցույթի հանդիսատեսի քվեարկությունն ամբողջությամբ առցանց դարձնելու հնարավորությունը, իսկ լրացուցիչ մանրամասներ կհայտարարվեն առաջիկա ամիսներին»։
ԵՀՄ-ն նամակում ընդունել է, որ գործող քվեարկության համակարգն արդեն ազդում է մրցույթի վերաբերյալ երկրպագուների ընկալման վրա։
«Նույնիսկ առանց խոշոր վճարովի արշավների և այնպիսի քվեարկության համակարգի պայմաններում, որի հուսալիությունը մենք կարող ենք երաշխավորել, պարզ է դարձել, որ այսօրվա աշխարհաքաղաքական իրավիճակը որոշ արտիստների օգտին քվեներ է ուղղում այնպիսի պատճառներով, որոնք շատ քիչ կապ ունեն նրանց ելույթների հետ: Սա նորություն չէ Եվրատեսիլի պատմության մեջ. նախկինում ևս նման բան տեսել ենք, բայց այս անգամ այն շարունակական բնույթ ունի և շատերի համար խորապես մտահոգիչ է։
Մեր ուսումնասիրությունը մատնանշում է երկու փոփոխություն՝ հանրային քվեարկությունն ամբողջությամբ առցանց տեղափոխել և մարդկանցից պահանջել քվեարկել մեկից ավելի մասնակիցների, օրինակ՝ իրենց երեք նախընտրածների օգտին»,— ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՀՄ գլխավոր տնօրեն Ժան Ֆիլիպ Դե Տենդերը և Եվրատեսիլի վերահսկիչ խմբի նախագահ Անա Մարիա Բորդասը։
Քվեարկությունն առցանց տեղափոխելու հիմնավորումը կապված է հաղորդագրությունների կամ հեռախոսազանգերի միջոցով հանդիսատեսից մի քանի մասնակիցների օգտին պարտադիր քվեարկություն պահանջելու տեխնիկական բարդությունների հետ։
Մեծ Բրիտանիան արդեն ամբողջությամբ անցել է առցանց քվեարկության՝ սկսած այս տարվա մրցույթից։
Առանձին զարգացմամբ ԵՀՄ-ն հայտնել է, որ իսրայելական «Մորոկան Օյլ» կոսմետիկական ընկերությունը վեց տարի անց դադարեցրել է Եվրատեսիլի հովանավորությունը։
Գործընկերության ավարտի պատճառ չի նշվել։ Համագործակցության ընթացքում մազերի խնամքի ապրանքանիշը մրցույթի մասնակիցներին ապահովել է պրոֆեսիոնալ վարսահարդարներով և մազերի խնամքի միջոցներով։ Այդուհանդերձ, վերջին տարիներին հովանավորությունը քննադատության է ենթարկվել՝ Գազայի պատերազմի պայմաններում Եվրատեսիլին Իսրայելի մասնակցության դեմ ավելի լայն բողոքների ֆոնին։
Այս լուրը հաջորդել է 70-ամյա մրցույթին առնչվող մի շարք այլ փոփոխությունների։
Շաբաթվա սկզբին կազմակերպիչները հայտարարել են, որ հեռարձակողներն այլևս չեն կարողանա մրցույթը հյուրընկալելու իրավունք ստանալ, եթե նրանց պետությունը ներգրավված լինի «զինված հակամարտության» կամ «զգայուն աշխարհաքաղաքական իրավիճակի» մեջ։
Կազմակերպիչները մասնակցող երգիչների նվազագույն տարիքը 16-ից բարձրացրել են մինչև 18 տարեկան և խստացրել մրցույթում նախապես ձայնագրված վոկալի օգտագործման կանոնները։
Առանձին հայտարարվել է, որ բուլղարական ծովափնյա Բուրգաս քաղաքը հյուրընկալելու է 2027 թվականի մրցույթը։
Բուլղարիան մրցույթը կազմակերպելու իրավունք է ստացել այն բանից հետո, երբ երկրի ներկայացուցիչ Դարան այս տարվա մրցույթում իր «Բանգարանգա» ակումբային երգով հաղթել է ինչպես ժյուրիի, այնպես էլ հանրային քվեարկությամբ։
Մրցույթի 71-րդ թողարկումն անցկացվելու է 2027 թվականի մայիսի 12-15-ը։