Wildberries-ի և մարքեթփլեյսի վաճառողների ընդհանուր կորուստները՝ ընկերության պահեստներին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հասցրած հարվածների հետևանքով, կարող են հասնել 600-800 մլրդ ռուբլու։ Այս մասին օգոստոսի 13-ին գրել է ռուսական Ֆորբսը՝ վկայակոչելով Data Insight հետազոտական գործակալության վերլուծաբան Սերգեյ Սեմկոյի գնահատականը։
Նրա հաշվարկներով՝ ԱԹՍ-ների հարձակումներից վնասված ենթակառուցվածքների և պահեստների վերականգնումը կարող է ընկերության համար արժենալ 147-223 մլրդ ռուբլի։ Ամբողջական ապամոնտաժման, թափոնների հեռացման և տարածքի վերականգնման դեպքում Wildberries-ի ծախսերը կարող են աճել մինչև 278․9 մլրդ ռուբլի։ Սեմկոն նաև գնահատել է, որ մարքեթփլեյսի վաճառողների ընդհանուր կորուստները կազմել են 445-507․8 մլրդ ռուբլի։
Ավելի վաղ նմանատիպ գնահատական է ներկայացրել Ռուսաստանի էլեկտրոնային հարթակներում առևտրի համար ապրանքների մատակարարների ասոցիացիայի ղեկավար Մարգարիտա Եվստիգնեևան։
Նա հայտարարել է, որ ընկերության պահեստների վրա հարձակումների հետևանքով տուժել է Wildberries-ի ավելի քան 400 հազար վաճառող, իսկ բաց թողնված օգուտը հաշվի առնելով՝ ընդհանուր վնասը կարող է հասնել 600-700 մլրդ ռուբլու։
Եվստիգնեևան նաև հայտնել է, որ բազմաթիվ վաճառողների ապրանքների մինչև 95 տոկոսն այրվել է։ Այդ ապրանքների ինքնարժեքը նա գնահատել է 200-300 մլրդ ռուբլի, գրում է Deutsche Welle-ն:
Հարվածների տակ է հայտնվել ավելի քան 20 լոգիստիկ կենտրոն Սանկտ Պետերբուրգում, Տուլայում, Էլեկտրոստալում, Կրասնոդարում և Նևինոմիսկում։ Դրանցից առնվազն 14-ն այրվել է։
Ավելի վաղ The Bell-ի աղբյուրները հայտնել էին, որ Wildberries-ի ուղղակի վնասները կարող են գերազանցել 100-200 մլրդ ռուբլին։ Ընկերության շրջանառությունն արդեն նվազել է մեկ քառորդով՝ վաճառողների հեռանալու պատճառով, որոնցից շատերը կորցրել են ապրանքն ու բիզնեսը։
Օգոստոսի 10-ին Ռուսաստանի բանկը երկրի բանկերին խորհուրդ է տվել աջակցություն տրամադրել անօդաչուների հարձակումներից տուժած փոքր և միջին ձեռնարկություններին։ Փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը ևս հանձնարարել է Տնտեսական զարգացման նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Դաշնային հարկային ծառայությանը՝ Կենտրոնական բանկի ու գործարար համայնքի հետ համատեղ մշակել Վայլդբերիզի վրա հարձակումներից տուժած ձեռնարկատերերի աջակցության միջոցներ։
Ֆորբսի հետ զրույցում վերլուծաբան Սերգեյ Սեմկոն ընդգծել է, որ իշխանություններին դժվար թե հաջողվի կարճ ժամանակում մշակել աջակցության արդյունավետ միջոցներ, որոնք կբավարարեն ինչպես մարքեթփլեյսի վաճառողներին, այնպես էլ Ռուսաստանի տնտեսությունում համակարգաստեղծ դեր ունեցող Wildberries-ին, որը վերահսկում է առցանց առևտրի շուկայի մոտ 45 տոկոսը։
«Իրական հարցն ավելի բարդ է. պատրա՞ստ է արդյոք կառավարությունը մասնակցել վաճառողների կորուստների փոխհատուցմանը և ընդունո՞ւմ է պատասխանատվության իր բաժինն այն բանի համար, որ այդ մարդկանց բիզնեսը մնացել է առանց բավարար պաշտպանության»,- եզրափակել է նա։
Ուկրաինան հուլիսի կեսերից պարբերաբար հարվածներ է հասցրել ռուսական խոշորագույն մարքեթփլեյս Wildberries-ի լոգիստիկ կենտրոններին։ Ռոյթերս գործակալության կատարած արբանյակային լուսանկարների վերլուծության համաձայն՝ ընկերությունը կարող է կորցրած լինել իր պահեստային հզորությունների մոտ 20 տոկոսը։ Հրդեհների պատճառած ուղղակի վնասից բացի՝ ընկերությունն ու նրա գործընկերները բախվել են նաև վաճառքի ծավալների զգալի նվազման։