Գարեգին Բ-ն ընդունել է Արագածոտնի թեմի քահանաներին և նրանց ընտանիքների անդամներին

Ամենայն Հայոց կաթողիկոսն Գարեգին Երկրորդն ընդունել է Արագածոտնի թեմի քահանայից դասի և նրանց ընտանյաց անդամների հետ։ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Պալոյանն իր երախտագիտությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ընդունելության և մշտապես ցուցաբերվող հայրական խնամքի համար, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Թեմի հոգևորականներից արժանապատիվ Տ. Մկրտիչ քահանա Երանյանը շեշտել է, որ այսպիսի ընդունելությունը կարևոր հնարավորություն է դարձել ուխտը վերանորոգելու, ինչպես նաև Հայոց Հայրապետին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին իրենց հավատարմությունը վերահաստատելու համար։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետը կարևոր է համարել նման հանդիպումները՝ դրանք գնահատելով որպես եկեղեցականների հետ հոգևոր կապն առավել ամրացնելու և նրանց ընտանիքների անդամների հետ հաղորդակցվելու լավ հնարավորություն։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Արագածոտնի թեմի քահանայից դասի հոգեխնամ, կարևոր և նվիրական ծառայությանը՝ բարձր գնահատելով ստեղծված դժվարին իրավիճակում նրանց ցուցաբերած անմնացորդ նվիրումը։

Կաթողիկոսը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներին և Մայր Աթոռի գործունեությանը։

2025-ի հոկտեմբերին իրավապահները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի այժմ արդեն կարգալույծ սպասավոր Տ․ Արամ Ասատրյանի խոսքերի և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, Արագածոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Մկրտիչ եպս․ Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում: Բերման էր ենաթրկվել 12 քահանա, իսկ թեմի առաջնորդը կալանավորվել էր:

Leave a comment