ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ է նկատվում ՌԴ հայերի շրջանում

ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թիվը 2025 թվականին գերազանցել է 32 հազարը, ինչը պատմական առավելագույն ցուցանիշ է ՀՀ գոյության ամբողջ ընթացքում։ Այդ մասին հրավիրած ասուլիսում ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

Նրա ներկայացմամբ՝ միգրացիոն հոսքերի և ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների վերլուծությունը ցույց է տվել, որ որոշ դեպքերում քաղաքացիությունն օգտագործվում է հիմնականում ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու նպատակով, հայտնում է Aysor.am-ը:

«Մենք նկատում ենք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների կտրուկ աճ ՌԴ հայ համայնքի շրջանում։ Եթե նայենք 2025-ի դիմումների քանակը, այն գերազանցել է 32,000-ը, դա պատմական մաքսիմումն է ՀՀ գոյության ամբողջ ընթացքում։ ՌԴ այն քաղաքացիները, որոնք դիմում են քաղաքացիություն ստանալու համար, հիմնականում ազգությամբ հայերն են։ Այս տենդենցն առնչվում է մեր սփյուռքին»,- ասել է Ղազարյանը։

Նրա գնահատմամբ՝ առանձին դեպքերում ՀՀ քաղաքացիությունն «գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար»։

Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու գործընթացը բարդ չէ։

«Երբ ասում են՝ բարդ է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելը, ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չէ։ Միգուցե առկա են վարչարարական, փաստաթղթային բարդություններ, բայց պահանջների մասով ազգությամբ հայերի համար ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար ՀՀ-ն, ըստ էության, ոչ մի պահանջ չի առաջադրում»,- ընդգծել է նա։

Ղազարյանը նաև դիտարկել է, որ իր մասնագիտական գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակը խնդիր է, որի համար անհրաժեշտ է համապատասխան լուծումներ գտնել։

Նա նշել է, որ քաղաքացիության ինստիտուտի արժևորման նպատակով առաջիկայում կներկայացվեն օրենսդրական փոփոխություններ, հայտնում է Factor.am-ը:

Բարձրաձայնվել է նաև այն խնդիրը, երբ անձը դադարեցնում է ՀՀ քաղաքացիությունը և կարճ ժամանակ անց նորից դիմում այն վերականգնելու համար։ Ըստ ՆԳՆ փոխնախարարի՝ այս դեպքն առանձնապես նկատելի է արական սեռի անչափահասների պարագայում։

2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ժամանակավոր և մշտական կացության կարգավիճակ ստանալու համար ընդհանուր առմամբ 11,619 մարդ է դիմել։ Ժամանակավոր կացության համար դիմումներն աճել են ավելի քան 3 անգամ. այս տարվա առաջին կիսամյակում դիմել է 9534 անձ։ Դրանցից բավարարվել է 6059-ը։ Նախորդ տարի և 2024 թվականին 2000 -3000-ի շրջանակում են եղել դիմումները։ Մշտական կացության համար դիմել է 2085 անձ:

Leave a comment