Սասուն Միքաելյանի փեսան արդյոք կնշանավի Կոտայքի մարզպետ

Կոտայքի մարզպետին դեռ փնտրում են․ ՔՊ-ում բոլորը «բարև-բարև» են, իսկ աթոռը՝ մեկինն է
Կոտայքի մարզպետի պաշտոնի շուրջ պայքարը գնալով ավելի է նմանվում ՔՊ-ի ներսում «ով ում մարդն է» մրցույթի, որտեղ պաշտոնի համար, կարծես, ամենակարևոր չափանիշը ոչ թե մարզը կառավարելու կարողությունն է, այլ՝ ում բարևը քանի անգամ ես ստացել։
Լիլիթ Ստեփանյանի դեպքում ամեն ինչ, մեղմ ասած, այնքան էլ պարզ չէ։ Պատգամավորական մանդատը թողնել ու մարզպետի աթոռի հետևից գնալը դժվար է հիմնավորել, հատկապես երբ պատգամավոր լինելը քաղաքական առումով շատ ավելի ապահով և երկարաժամկետ դիրք է։ Կոճակը սեղմում ես, քվեարկում ես, աշխատավարձդ ու պարգևավճարդ ստանում ես, իսկ մարզպետի դեպքում արդեն ստիպված ես պատասխան տալ մարզի բոլոր խնդիրների համար։ Հետևաբար, եթե ընտրությունը հենց իրենը լիներ, դժվար է պատկերացնել, որ նա մեծ ոգևորությամբ կփոխանակեր մանդատը մարզպետարանի կաբինետի հետ։
Վասակ Վարդանյանի տարբերակն էլ առանձնապես հարմարավետ չի թվում։ Սասուն Միքայելյանի փեսային Կոտայքի մարզպետ նշանակելը կնշանակեր, որ Նիկոլ Փաշինյանը մի ձեռքով փորձում է սահմանափակել Սասունի ազդեցությունը, մյուսով՝ մարզը հանձնում է հենց Սասունի ընտանիքի ներկայացուցչին։ Քաղաքականության մեջ, իհարկե, ամեն ինչ հնարավոր է, բայց նույնիսկ ՔՊ-ի չափանիշներով սա բավական հետաքրքիր ժեստ կլիներ։
Մնում է Նարեկ Հարությունյանը։ Ծաղկաձորի համայնքապետը, ըստ «Հրապարակ»-ի, արդեն հայտնվել է հավակնորդների ցանկում։ Բայց այստեղ էլ դուռը բացվում է Ռոմանոս Պետրոսյանի առաջ, իսկ Ռոմանոսի հետ հարաբերությունները, եթե հավատանք ներսից եկող խոսակցություններին, առանձնապես ջերմ չեն։ Ավելին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ շտաբային մակարդակում նրա նկատմամբ բացասական վերաբերմունքի մասին խոսակցությունները նշանակում են, որ Նարեկի ճանապարհին կարող է կանգնած լինել ոչ թե քաղաքական ծրագիր, այլ հին հաշիվների մի ամբողջ պահոց։
Իսկ Սասուն Միքայելյանի ու Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները, ըստ նույն խոսակցությունների, այսօր հասել են քաղաքական դիվանագիտության ամենաբարձր մակարդակին՝ բարևում են իրար։ Այսինքն՝ պատերազմ չկա, բայց դաշինք էլ դժվար թե լինի։ Իսկ եթե նախկինում իրար չսիրող երկու կենտրոններն այսօր պարզապես բարևում են, դա դեռ չի նշանակում, որ նրանցից որևէ մեկը պատրաստ է մյուսի թեկնածուին մարզպետի աթոռին նստեցնել։
Այս ամբողջ պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ հնարավոր թեկնածուներից յուրաքանչյուրն ինչ-որ մեկի հետ կապ ունի, ինչ-որ մեկի հետ խնդիր ունի կամ ինչ-որ մեկի համար չափազանց հարմար չէ։ Ու արդյունքում ստացվում է հայկական քաղաքականության դասական պատկերը՝մարզպետ են փնտրում, բայց քննարկում են բարեկամներին, փեսաներին, նախկին դաշնակիցներին, ներկա հակառակորդներին ու այն հարցը, թե ով ում հետ է գոնե բարևում։
Իսկ Ահարոն Սահակյանը, այս ամբողջ թոհուբոհից կարծես առանձնապես չնեղվելով, ԱԺ միջանցքում անհոգ ֆռֆռում է՝ հատկապես կանանց շրջապատում, մինչդեռ իր նախկին պաշտոնի համար արդեն հերթ են կանգնել։ Մարդը, փաստորեն, իր մասով գործը փակել ու գնացել է, իսկ իրենից հետո թեկուզ ջրհեղեղ լինի՝ հիմա արդեն թող նորերը որոշեն, թե ով է մարզպետ լինելու և ինչպես են այդ ջրհեղեղից դուրս գալու։
Այդ պայմաններում ամենաիրատեսական սցենարը նույնիսկ կարող է լինել ոչ թե այս անուններից մեկի ընտրությունը, այլ չորրորդ՝ մինչ այս չշրջանառվող թեկնածուի հայտնվելը։ Որովհետև երբ բոլոր հայտնի թեկնածուների հետևում ինչ-որ մեկը կա, Փաշինյանի համար ամենահարմար մարզպետը կարող է դառնալ հենց նա, որի հետևում այս պահին ոչ ոք չկա։
Ի վերջո, Կոտայքի մարզպետի պաշտոնը դեռ թափուր է, իսկ ՔՊ-ի ներսում արդեն այնքան մարդ է պայքարում դրա համար, որ մնում է միայն հասկանալ՝ մարզն են ուզում կառավարե՞լ, թե՞ մարզպետարանը…:
Քրիստինե Ավագյանի էջից

Leave a comment