Նոր կենսաչափական անձնագրեր և ID քարտեր. ՀՀ-ում աշնանից կմեկնարկի նոր փաստաթղթերի տրամադրումը

Փաստաթղթերի տրամադրման համար առաջին փուլում կգործի մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այս աշնանից կմեկնարկի  կենսաչափական նոր անձը հաստատող  փաստաթղթերի, այդ թվում՝ անձնագրերի և նույնականացման քարտերի տպագրությունն ու տրամադրումը քաղաքացիներին, հայտարարել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյանը:

Նա նշեց, որ նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28.650 դրամ, նախկին՝ մինչև 2024 թ.-ը տրամադրված կենսաչափական անձնագրերի դեպքում գործող 25.000-ի դրամի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն, և կտրամադրվի 5 տարի ժամկետով։

Նույնականացման քարտ, ծնողի կամարտահայտությամբ, կարող են ստանալ նաև մինչև 16 տարեկան անչափահասները, իսկ 16 տարեկանից սկսած՝ նոր «անձը հաստատող փաստաթղթերի մասին» օրենքով, որն ուժի մեջ է մտնելու մինչև նոյեմբերի 1-ը, պարտադիր է լինելու այս փաստաթուղթը», – ասաց Դավթյանը ասուլիսի ժամանակ։

Միաժամանակ, նոր անձնագիր ձեռք բերելու համար պայման է հանդիսանալու նույնականացման քարտ ունենալը։  Քաղաքացիներն ազատ են կամավոր փոխարինելու գործող հին նմուշի փաստաթղթերը նորերով՝ անկախ դրանց գործողության ժամկետից, սակայն հին նմուշի փաստաթղթերի տպագրությունը դադարեցվելու է, և հետագայում փոխարինման կամ կորստի դեպքում տրամադրվելու են միայն նորերը։

Առաջին փուլում կգործի մասնավորի կողմից բացված 14 գրասենյակ։ Փաստաթղթերը ստանդարտ
ժամկետով կտրամադրվեն դիմելուց հետո 14 աշխատանքային օրվա ընթացքում։

Leave a comment