Դոնալդ Թրամփը օտարերկրյա ԱԹՍ-ների ներմուծման համար լայնածավալ մաքսատուրքեր է սահմանում

Նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր է ստորագրել է, որով «Առևտրի ընդլայնման մասին» օրենքի 232-րդ բաժնի համաձայն՝ խիստ մաքսատուրքեր են սահմանվում անօդաչու ավիացիոն համակարգերի և դրանց հիմնական բաղադրիչների ներմուծման նկատմամբ։ Փաստաթուղթը սահմանում է բազմամակարդակ մաքսատուրքերի ռեժիմ, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը օտարերկրյա մատակարարման շղթաներից, վերացնել ազգային անվտանգության լուրջ սպառնալիքները և արագացնել ներքին արտադրական ներուժի ընդլայնումը։

Նոր հրամանի համաձայն՝ ծանր արդյունաբերական և ռազմական անօդաչու սարքերը, մասնավորապես՝ 25 կիլոգրամից ավելի առավելագույն թռիչքային զանգված ունեցող կամ ջերմատեսիլ տեսախցիկներով հագեցած սարքերը, կհարկվեն 100% չափով արժեքային մաքսատուրքով։

Առավելագույն դրույքաչափը կկիրառվի նաև դոկավորման կայանների և հիմնական սարքավորումների նկատմամբ, մինչդեռ զգայուն գործառույթներ չունեցող փոքր առևտրային և սպառողական անօդաչու սարքերի համար մաքսատուրքը կկազմի 25%։

Միջոցառումներն ուղղված են անօդաչու թռչող սարքերի շուկայում Չինաստանի գերիշխող դիրքի դեմ։ Մասնավորապես, Շենչժենում հիմնված DJI Technologies ընկերությանը բաժին է ընկնում ԱՄՆ առևտրային անօդաչու սարքերի շուկայի մոտ 70%-ը։ ԱՄՆ առևտրի նախարարությունը նախազգուշացրել է, որ ներմուծումից կախվածության բարձր մակարդակը ռազմավարական խոցելիություններ է ստեղծում՝ մատնանշելով մատակարարման շղթաների խափանումների և ներկառուցված ծրագրային ապահովման հետ կապված ռիսկերը, որը կարող է թռիչքների վերաբերյալ տվյալներ փոխանցել օտարերկրյա կառավարություններին։

Այս ֆոնին Սպիտակ տունը մի շարք դաշնակից երկրների համար արտոնյալ պայմաններ է նախատեսել՝ պայմանով, որ նրանց սարքավորումները և ծրագրային ապահովումը համապատասխանեն տարածաշրջանային ծագման խիստ պահանջներին։ Եվրամիության երկրներից, Ճապոնիայից, Հարավային Կորեայից, Թայվանից, Շվեյցարիայից և Լիխտենշտեյնից ներմուծվող արտադրանքի համար մաքսատուրքը չի գերազանցի 15%-ը, իսկ Մեծ Բրիտանիայից ներմուծման դեպքում՝ 10%-ը։

Մատակարարումների կարճաժամկետ խափանումները մեղմելու նպատակով վարչակազմը նախատեսել է միջոցառումների ներդրման ժամանակավոր հետաձգումներ։ Անօդաչու սարքերի հիմնական մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն 21 օր անց՝ 2026 թվականի սեպտեմբերի 3-ին, մինչդեռ առանձին ոչ կրիտիկական բաղադրիչների նկատմամբ մաքսատուրքերը 180 օրով կհետաձգվեն՝ մինչև 2027 թվականի փետրվարի 9-ը։ Դա ներքին արտադրողներին ժամանակ կտա վերանայելու իրենց գնումների ռազմավարությունները։

Բացի այդ, հռչակագիրը լիազորում է Առևտրի նախարարությանը ստեղծել արտադրության տեղայնացման ծրագիր, որը նախատեսում է ժամանակավոր մաքսային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք պարտավորվում են մինչև 2029 թվականի հունվարի 20-ը ԱՄՆ տարածքում նոր արտադրական օբյեկտներ կառուցել։ Հաստատված կապիտալ ներդրումների ծրագրեր ներկայացրած ընկերությունները շինարարության ընթացքում անհրաժեշտ բաղադրիչներն առանց մաքսատուրքի ներմուծելու իրավունք կստանան՝ արտադրական հզորությունների ընդլայնմանը նպաստելու համար։

Շուկայի մասնակիցներն ու ոլորտային վերլուծաբաններն ուշադիր կհետևեն, թե որքան արագ ներքին արտադրողները կկարողանան ընդլայնել իրենց արտադրական հզորությունները՝ ձևավորվող առաջարկի պակասը լրացնելու համար։

Leave a comment