Վաղարշապատի ընտրությունների ընթացքում քաղաքացիներին քվեարկել պարտադրելու գործով 5 անձի մեղադրանք է առաջադրվել

Հասարակություն

14.08.2026 | 11:40

Վաղարշապատի խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների ընթացքում քաղաքացիներին ընտրություններին մասնակցել և «Հաղթանակ» կուսակցության օգտին քվեարկել պարտադրելու դեպքով 5 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Քրեական վարույթն արդեն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հաղթանակ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Ս.Դ.-ն և Ն.Օ.-ն նախնական համաձայնության են եկել կուսակցության համակիրներ Ս.Ժ.-ի, Գ.Ղ.-ի և Ա.Խ.-ի հետ։

Նախաքննության տվյալներով՝ նրանք, փոխլրացնելով միմյանց գործողությունները, ընտրությունների օրը հարկադրել են համայնքի մի շարք բնակիչների մասնակցել ընտրություններին և քվեարկել «Հաղթանակ» կուսակցության օգտին։

Հսկող դատախազի որոշմամբ՝ 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրությանը մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելու համար։

Նրանց նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Leave a comment