Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար Երևանում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպությունների նկատմամբ նշանակվել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ տուգանք. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/․ Երևանի շինհրապարակներում փոշու արտանետումների համար
Երևանում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպությունների նկատմամբ նշանակվել է ընդհանուր 1,700,000 ՀՀ դրամ տուգանք։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքում իրականացրել է վերահսկողական միջոցառումներ՝ օդի աղտոտվածության կանխարգելման, շինհրապարակներում փոշու արտանետումների նվազեցման, ինչպես նաև քաղաքացիների ահազանգերի հիման վրա։
Հուլիսի 27-ից օգոստոսի 13-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգայցերի արդյունքում Երևանի տարբեր վարչական շրջաններում գործունեություն իրականացնող մի շարք շինարարական կազմակերպություններում՝ «ՄԵՏՏԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ, Արա Լևոնի Տեր-Մինասյանը, «ՊՈՍՏԵՌՈՒՄ» ՍՊԸ, «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ, «ԱՎԱ ՀՈԼԴԻՆԳ 2017» ՍՊԸ, «ՎԲ ԿՈՆՍՏՐԱՔՇՆ» ՍՊԸ, «360 ՊԱՆՈՐԱՄԱ» ՍՊԸ, «ՊՐԵՏՈՐ» ՍՊԸ, «ԲԻԴԵՔ» ՍՊԸ, «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ, «ՕՐԴ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ և «ԶԵՅԹՈՒՆ ՍԱՌՑԱՐԱՆ» ԲԲԸ արձանագրվել են մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումներ, մասնավորապես՝
– հղկման աշխատանքների ընթացքում չեն օգտագործվել փոշու արտանետումները բացառող սարքեր,
– օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինհրապարակները պարբերաբար չեն ջրվել,
– առկա ավազի կույտերը չեն եղել ծածկված անթափանց ծածկոցով,
– բացակայել են ցանկապատումները և այլ։
ԲԸՏՄ-ից հայտնում են, որ խախտումներով կատարվող աշխատանքներն անհապաղ դադարեցվել են: Արձանագրված խախտումների վերաբերյալ կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ, և իրավախախտների նկատմամբ կիրառվել են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։
Տնտեսվարողների նկատմամբ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1,700,000 ՀՀ դրամ։