Ռուս-հայկական «Լազարյան ակումբի» անդամները կոչ են արել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լեոն XIV հանդես գալ ի պաշտպանություն Հայաստանում քրեական հետապնդման ենթարկվող Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի:
Ակումբի տարածած հայտարարությունում նշվում է, որ Գարեգին Բ-ն ստիպված է եղել կեղծ մեղադրանքի պատճառով ներկայանալ քրեական դատարան, իսկ այդ խարանը հավերժ մնալու է նման միջոցներով Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը վարկաբեկելու փորձ կատարող իշխանությունների ճակատին, հայտում է Sputnik Արմենիան:
«Լազարյան ակումբի» խորհուրդը դիմում է աշխարհասփյուռ հայերին և Հայաստանի բարեկամներին՝ դատապարտելու քրիստոնեական հավատքի և նրա առաջնորդների նկատմամբ Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ հալածանքները, որոնք աներևակայելի են քաղաքակիրթ աշխարհում: Մենք դիմում ենք քրիստոնեական կրոնի ղեկավարներին՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի Պապ Լեոն XIV՝ հանդես եկե՛ք ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի բոլոր քրիստոնյաների»- նշված է «Լազարյան ակումբի» հայտարարության մեջ:
Փաստաթղթի հեղինակները մտահոգություն են հայտնել նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև քաղաքական, ռազմական ու տնտեսական կապերի վատթարացման կապակցությամբ, որն արդեն սկսել է «խարխլել երկու ժողովուրդների պատմական և դարավոր հարաբերությունների հիմքերը»։
Փետրվարի 14-ին հայտնի է դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ առնչվող դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով, իսկ Հայաստանից նրա ելքն արգելվել է։
Օգոստոսի 7-ին Էջմիածնում կայացել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ «գործով» առաջին դատական նիստը: Կաթողիկոսն անձամբ ներկա է եղել նիստին։ ԱԺ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները, ինչպես նաև մի շարք հասարակական գործիչներ դատարանի շենքի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի պաշտպանություն կաթողիկոսի: Դատավոր Հակոբ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ հրաժարվելով գործի քննությունից, որից հետո այն փոխանցվել է մեկ այլ դատավորի։