Քաղաքականություն
13.08.2026 | 16:44
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը մինչև նիստի սկսվելը կարճ ճեպազրույց է տվել լրագրողներին՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ ընդդիմության և իշխանության կողմից փոխադարձ վիրավորանքներ են հնչել։
Մեկնաբանելով իրավիճակը՝ Չախոյանը նշեց, որ ընդդիմադիր պատգամավորների կողմից դրսևորվել է անհարիր պահվածք, ինչին իրենք հստակ հակադարձել են։
«Դուք ո՞նց եք պատկերացնում, ամեն պատգամավոր, մոտենալով ամբիոնից խոսելու, հիշի իր զոհված ազգականներին, հիշի, օրինակ, Հանրապետականի իշխանության օրոք կամ Քոչարյանի իշխանության օրոք տուժած իր հարազատներին, պետք է վիրավորանք հնչեցնի դահլիճում նստածների հասցեի՞ն։ Չեմ կարծում, դա սխալ մոտեցում է։ Եվ մարդիկ պետք է սովորեն իրենց էմոցիաները զսպել»,- ասաց Չախոյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է երաշխավորել, որ նման դեպքերը չեն կրկնվի՝ Տարոն Չախոյանը նշեց, որ իրենք կփորձեն բնականոն հունով շարունակել աշխատանքները, սակայն ընդդիմության պահվածքի համար ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան